ԱԻ նախարարությունը կոլեգիայի ընդլայնված նիստ է գումարել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 2-ին անցկացվել է կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ հավելելով» «Հիմնական նպատակն էր ամփոփել 2017թ. ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքը, քննարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և նախանշել համակարգի զարգացման ուղիները՝ համաձայն ՀՀ կառավարության ծրագրի:
Նիստի ընթացքում անցած տարվա գործունեության ամփոփիչ զեկույցներով ու առաջարկություններով հանդես եկան ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Մ. Ղազարյանը և ԱԻՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հայրապետյանը, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների ղեկավարները: Ելույթների ընթացքում ծավալվում էր կառուցողական քննարկում՝ բացահայտելով տարբեր ոլորտներում առկա խնդիրները և դիտարկելով դրանց լուծումները:
Քննարկումների արդյունքում ԱԻ նախարարը հանձնարարեց.
առաջարկ ներկայացնել ՀՀ տարածքում հրշեջ-փրկարարական ջոկատների արդյունավետ տեղաբաշխման և հրշեջ-փրկարարների 1-ին օգնության հմտությունների կատարելագործման ուղղությամբ.
աշխատանքներ տանել նախարարությունում ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ուղղությամբ.
բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը հրդեհային անվտանգության վարքականոնների ու կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ.
ապահովել ընթացիկ տարում հանրապետության տարածքում անցկացվող խոշոր միջոցառումների անվտանգությունը.
շարունակել Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների և ամռանը կայանալիք ԱՌՆ ազգային պլատֆորմների տարածաշրջանային համաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Իր խոսքում նախարար Դ.Տոնոյանը շնորհակալություն հայտնեց արդյունավետ աշխատանքի համար՝ ընդգծելով, որ նախորդ տարվա ընթացքում նախարարության առջև ծառացել են բարդ խնդիրներ, որոնք հաջողվել է միահամուռ ուժերով հաղթահարել.
Նախարարությունն առաջընթաց է արձանագրել տարբեր ոլորտներում՝ օրենսդրական բարեփոխումների, միջազգային համագործակցության, կրթության, կապի ապահովման, տեխնիկական հագեցվածության և այլն: Մենք շարունակելու ենք աշխատել միասնական թիմով՝ մեկ ընտանիքի պես, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում և շարժվել առաջ՝ դեպի դիմակայուն Հայաստան:
Միջոցառման ավարտին ամփոփվեցին նաև ՀՀ ԱԻՆ մարդկանց անվտանգության և փրկության թեմայով «Արիության համաստեղություն» խորագրով ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված ստորաբաժանումներին ու աշխատակիցներին հանձնվեցին վկայականներ ու պարգևներ.
լավագույն հրշեջ՝ փ/ծ սերժանտ Թաթուլ Ավետիսյան, Արագածոտնի ՄՓՎ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ
լավագույն փրկարար՝ փ/ծ ավագ Հայկ Անդրեասյան, Լոռու ՄՓՎ Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատար
լավագույն ջրափրկարար (ջրասուզակ)՝ փ/ծ ավագ սերժանտ Նարեկ Բաբայան, Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակ-փրկարար
լավագույն լեռնափրկարար՝ փ/ծ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյան, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ
լավագույն հերթափոխի պետ՝ փ/ծ ենթասպա Վալերիկ Հայրապետյան, Վայոց ձորի ՄՓՎ թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ
լավագույն խմբի պետ (հրամանատար)՝ փ/ծ կապիտան Արգամ Հակոբյան, Լոռու ՄՓՎ Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատ
լավագույն հրշեջ-փրկարարական ջոկատ՝ Վայոց ձորի ՄՓՎ թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ
ՓԾ լավագույն տարածքային ստորաբաժանում՝ Արարատի մարզային փրկարարական վարչություն:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն կառուցվածքային ստորաբաժանում՝ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ՀՀ ԱԻՆ համակարգում գործող լավագույն առանձնացված ստորաբաժանում (ՊՈԱԿ)՝ «Տեխնիկական անվտանգություն ազգային կենտրոն» ՊՈԱԿ
լավագույն քաղաքացիական ծառայող՝ Քրիստինե Ռաթևոսյան, կադրային հիմնախնդիրների բաժնի պետ և Գոհարինե Ավետյան, արտաքին կապերի վարչության միջազգային համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի լավագույն աշխատանքային թիմ՝ ֆինանսատնտեսագիտական վարչության տնտեսական բաժին
լավագույն մասնագետ՝ Արմենակ Խոսրովյան, ՊՀՏԱՏ Երևանի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության տեսչական բաժնի առաջատար մասնագետ-տեսուչ և Արթուր Գևորգյան, Հիդրոմետ ծառայության հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի հիդրոօդերևութաբանական մոդելների մշակման և փորձարկման բաժնի պետ»: