«Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունն այլ բան է, աղքատությունը՝ այլ բան». Գալուստ Սահակյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը համոզված է՝ արդյունքի հասնելու համար պետք է բոլորը՝ և՛ իշխանությունները, և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ ամբողջ ազգը, ջանքերը միավորեն: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ առանձին-առանձին որևէ բանի հասնել հնարավոր չէ:

«Ես չեմ կարծում, որ հայ ժողովուրդն ինչ-որ բանից դժգոհ է: Հայ ժողովուրդն ընդամենն ուզում է շատ լավ ապրել և, կարծում եմ, այն բոլոր գործառույթները, որ տեղի կունենան առաջիկայում, հենց նվիրված են լինելու դրան»,- ասաց Գ.Սահակյանը:

Նա հերքեց տեսակետը, որ միայն Սերժ Սարգսյանն է արժանի երկիրը ղեկավարել. «Էդպիսի խնդիր գոյություն չունի, որ ինչ-որ մի տեղ կա և մենակ մեկ մարդ է արժանի: Այս պահին ես գտնում եմ, որ արժանի է Սերժ Սարգսյանը»:

Գ.Սահակյանը հայտարարեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչ ձեռք է բերել. «Երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն: Ինքը` ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում»:

168.am-ի հարցին` ժողովուրդն ինչի՞ց պետք է գոհ լինի, Գ.Սահակյանը պատասխանեց. «Ժողովուրդը կարող է գոհ լինել, որ անկախ է: Յուրաքանչյուր ժողովուրդ եթե անկախ է, անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ են, ժողովրդի ճանապարհը դա է: Եթե ժողովուրդը չի կարողանում անկախությունը գնահատել, դա այլ խնդիր է: Ժողովրդին անկախության ճանապարհով երկիրն ամրակուռ դարձնելու համար բավականին երկար ժամանակ է պետք»:

Դիտարկմանն ի պատասխան, որ ժողովուրդն անկախ է, բայց աղքատ, Գ.Սահակյանը հորդորեց աղքատությունը մի կողմի վրա դնել. «Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք` անկախությունն այլ բան է, աղքատությունմ այլ բան է, անկախությունն այլ բան է, հարստությունն այլ բան է: Այն ժողովուրդը, եթե անկախության ճանապարհով չի գնում, նա ընդհանրապես համաշխարհային մասշտաբով և մարդկության հիմնական ճանապարհներից դուրս մնացող ժողովուրդ է»:

Թե այդ դեպքում ինչո՞ւ է իշխանությունն ընկել հարստության հետևից, Գ.Սահակյանը պատասխանեց. «Եթե նման մարդիկ կան, դրանց դուք, մյուսները, բոլորը պիտի քննադատեն: Բայց դա կապ չունի Հայաստանի անկախության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս