Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները նոր ակումբներ ունեն
Հայաստան-Ալբանիա խաղից հետո Հայաստանի բասկետբոլի հավաքականի գխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը նշել էր, որ մի շարք հայ ֆուտբոլիստներ կսկսեն խաղալ հայկական ակումբներում: Այսօր արդեն հայտնի են դարձել Հայաստանի հավաքականի մի շարք բասկետբոլիստների նոր ակումբները:
Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ Ալբերտ Թադևոսյանն ու Կոնստանտին Միրզոյանցը կարիերան կշարունակեն Ա լիգայում հանդես եկող «Արցախում», իսկ Անդրեյ Կոնստանտինովը՝ «Արթիկում»:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ «Արցախ» ակումբին միացել է նաև ուկրաինացի Դմիտրո Տիխոնովը:
«Ինժեները» համալրեցին Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Ռաֆիկ Ուզունյանը և սերբ բասկետբոլիստ Ֆիլիպ Չոսիչը: «Ուրարտուից» «Ինժեներ» տեղափոխվեց նաև Արամայիս Մայիլյանը:
Ամերիկահայ Ալեքս Մկրտչյանը միացավ «Գրանդ սպորտին», իսկ Նարեկ Ազարյանն ու Խաչատուր Ավագյանը համալրեցին «Շիրակի» շարքերը:
Վաղը կմեկնարկեն Ա լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները: Փլեյ-օֆֆից առաջ թիմերը երեքական նոր խաղացողներով համալրվելու իրավունք են ստացել:
«Արցախը» կմրցի «Շիրակի», «Արթիկը»՝ «Ինժեների», իսկ ՖԻՄԱ-ն՝ «Գրանդ սպորտի» հետ: Փլեյ-օֆֆը կկայանա երկու հաղթանակի սկզբունքով: Հավասար պայքարի դեպքում կանցկացվի 3-րդ հանդիպումը՝ առավելություն ունեցող ակումբի մարզադահլիճում:
«Ուրարտուն» որպես Ա լիգայի երկու շրջանի միանձնյա առաջատար, բաց կթողնի 1/4 եզրափակիչը:
Սիրարփի Աղաբաբյան