ՀՀԿ-ն նոր կառավարության ձևավորման հարց դեռ չի քննարկել
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. ապրիլից հետո նոր կառավարության ձևավորման հարցը դեռևս չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք: Իսկ թե ինչ որոշում ենք կայացնելու, կայացնելու ենք այնպիսի որոշում, որը բխելու է մեր պետության, մեր ազգի, անվտանգության շահերից: Սա է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար բանաձևը»,- նշեց Շարմազանովը:
Նա հավելեց, որ պետք է ընտրեն այնպիսի կառավարություն և վարչապետ, որը լավագույնը կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Միացյալ Նահանգների, եվրոպական կառույցների, Չինաստանի և մեր ալ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում և ամենակարևորը՝ կսպասարկի Հայաստանի Հանրապետության շահը: «Ինչպես պահանջի Հայաստանի Հանրապետության քաղաքացին և մեր երկրի ազգային ու պետական շահը, այնպես էլ Հանրապետական կուսակցությունը կվարվի»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովը հիշեցրեց, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը հասել է հաջողության: «Մեր քաղաքացիները մինչև 2022թ., Հանրապետական կուսակցությանն են տվել մանդատ՝ ձևավորելու կառավարություն»,- մանրամասնեց նա: