Դեսպան Մինասյանը հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել պատրիարքի հետ
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանի ուղեկցությամբ փետրվարի 27-ին հանդիպել է Ռումինիայի Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել պատրիարքի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով.
Դանիել պատրիարքը ողջունեց Հայաստանի դեսպանի այցելությունը պատրիարքարան և շնորհավորեց նրան Ռումինիայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ:
ՀՀ դեսպանն իր հերթին Ն.Ե. Դանիել պատրիարքին փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին II-ի ջերմ ողջույնները՝ նշելով, որ Վեհափառը թանկ հիշողություններ է պահպանել Սուչավայի Հաճկատար հայկական վանքի 500-ամյակի կապակցությամբ 2012թ. Ռումինիա կատարած իր այցից և Դանիել պատրիարքի հետ հանդիպումից:
Խոսելով Ռումինիայում հայերի հազարամյա ներկայության և Ռումինիայի հայոց թեմի 600-ամյա գործունեության մասին՝ ՀՀ դեսպանը գոհունակություն հայտնեց էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ Ռումինիայի իշխանությունների, ուղղափառ եկեղեցու և հասարակության վերաբերմունքի կապակցությամբ` Ռումինիան բնութագրելով որպես քրիստոնեական հավատքի պատվար, որն առաջինն է պետական մակարդակով ապաստան տվել Օսմանյան Թուրքիայում ցեղասպանությունից մազապուրծ հայերին` նրանց համար դառնալով երկրորդ հայրենիք:
Հայաստանի դեսպանը նշեց նաև, որ երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունները, բազմադարյա կապերը, միջպետական համագործակցության ամուր հենքը հուշում են, որ կարելի է հոգևոր ոլորտում ևս ամրապնդել ու խորացնել երկկողմ կապերը` փոխգործակցություն ծավալելով Բուխարեստի և Երևանի պետական համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների, Գևորգյան հոգևոր ճեմարանի, վանական համալիրների միջև, փոխադարձ ուխտագնացություններ կատարել Հայաստանի և Ռումինիայի քրիստոնեական սրբավայրեր:
Հանդիպան ավարտին դեսպան Մինասյանը Դանիել պատրիարքին նվիրեց հայկական խաչքարերի վերաբերյալ մեծադիր հրատարակություն և կարճ հարցազրույց տվեց պատրիարքական հեռուստատեսությանը»: