«Մեկ կամ երկու հոգի չեն կարող փոխել ամբողջ համակարգը». Ալիկ Սարգսյան
«Ինչո՞ւ չպետք է Գագիկ Հարությունյանը հույս ներշնչի: Մարդը երկար տարիներ աշխատել է, պրոֆեսիոնալ է, վատ համբավ չունի հասարակության մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը։
Նա հորդորեց Հարությունյանի հետ չկապել այն հանգամանքը, որ նա միշտ եղել է դատական իշխանության մեջ, որը կոռուպցիայի մեջ է: Ըստ նրա` դատական համակարգում խնդիրներ, թերություններ շատ կան, բայց դրանք Գագիկ Հարությունյանի կամ Գևորգ Դանիելյանի հետ կապելն արդար չէ.
«Նրանք երկուսն էլ պատվով են աշխատել ու որևիցե բիծ, զգալի թերություն այս տարիների ընթացքում թույլ չեն տվել: Մեկ կամ երկու հոգի չեն կարող փոխել ամբողջ համակարգը: Այս համակարգը, այսպես թե այնպես, գործում է, նա ընդհանուր մի մարմին է, մի մեծ օրգանիզմ, և մի օրգանի լավ կամ վատ աշխատելն ամբողջ օրգանիզմը փոխել չի կարող»:
«Ուզում եք, որ ես հույս հայտնեմ, որ այս նույն խորհրդի ստեղծմամբ դատական համակարգը 100 %-ով, վաղը լույսը կբացվի, և կփոխվի՞: Դուք ուզո՞ւմ եք՝ ես այդպիսի միտք արտահայտեմ: Չեմ արտահայտի: Դա իմ լիազորությունից վեր է: Դեռ երկար ժամանակ դատական համակարգը կշարունակի լինել այնպիսին, ինչպիսին կա, բայց դրա համար համակարգային փոփոխություններ են պետք, ինչն էլ այս մարդիկ մեզ խոստանում են»,- հավելեց Ա.Սարգսյանը։