
Կասեցվել է արտադրամասերի և հանրային սննդի օբեկտի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, վերահսկողական գործողությունների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատերեր Կառլեն Արամյանին (Արմավիրի մարզ) և Հասմիկ Սանթուրյանին (Արմավիրի մարզ) պատկանող մսամթերքի, Ռուզաննա Մանուկյանին (Արարատի մարզ) պատկանող հացի, Հասմիկ Հովսեփյանին (Արմավիրի մարզ) պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերի և Գրետա Հովհաննիսյանին (Սյունիքի մարզ) պատկանող հանրային սննդի օբեկտի գործունեությունը:
Արտադրամասերում և հանրային սննդի օբեկտում չեն պահպանվել պատշաճ սանիտարահիգենիկ պայմաններ, արտադրական գործունեությունն իրականացվել է առանց համապատասխան նորմատիվ փաստաթղթերի:
Երկու արտադրությունները չեն ունեցել նաև մսամթերքի՝ քյուֆթայի, արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական հրահանգը, բաղադրագիրը և հայերեն մակնշմամբ պիտակներ. 30 կգ քյուֆթայի իրացումը կասեցվել է:
Հրուշակեղենի արտադրությունում կասեցվել է նաև առկա կրեմային խմորեղենի իրացումը:
Տրվել են հանձնարարականներ, ինչպես նաև ժամկետ խախտումների վերացման համար: