«Ինչպե՞ս է լինում, որ գնում ենք օտար երկրներ և այնտեղ մեզ ավելի պաշտպանված ենք զգում, քան մեր սեփական երկրում». Արմեն Ռուստամյան
«ՀՅԴ-ն ընտրություններին գնաց «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով։ Մենք նոր սկիզբը դրել ենք, դա այս նոր համակարգն է, բայց արդար Հայաստան դեռ չունենք»,- այսօր ԱԺ-ում այս մասին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ընդգծելով, որ իրենց ակնկալիքը Բարձրագույն դատական խորհրդից հենց դա է լինելու։
«Եթե մենք չենք երաշխավորում անձի իրավունքները, եթե չկա իրավունքի գերակայություն, իշխանության ճյուղերի տարանջատում, ուրեմն՝ Սահմանադրություն էլ չկա»,- ասաց նա։
Ռուստամյանի խոսքով՝ Հայաստանում եղել է անձնակենտրոն իշխանություն, իսկ հիմա պետք է լինի՝ մարդակենտրոն. «Անձնակենտրոն իշխանությունը բերել է նրան, որ իշխանության գլխին եղած մարդիկ ասում էին, որ երկրում արդարություն է, որովհետև իրենց նկատմամբ անարդարություն տեղի չէր ունենում։ Հենց դուրս էին գալիս իշխանական համակարգից՝ սկսում էին դժգոհել նույն այդ իշխանությունից, որովհետև հայտնվում էին այդ իշխանության անիվների տակ։ Այդ անձնակենտրոնությունն իսկապես բերել էր արդարության աղավաղված պատկերացման։ Արդադրությունը շատ պարզ բանաձև ունի՝ մի չափ, մի կշիռ․ բոլորը պետք է նույն չափով և նույն կշռով կշռեն ու չափեն։ Եթե այդպես լինի, երկրում կլինի արդարություն»։
Հետևաբար, ըստ Ռուստամյանի՝ յուրաքանչյուր մարդ պետք է պաշտպանված լինի իր երկրում, անարդարությունից հեռու լինի. «Ինչպե՞ս է լինում, որ գնում ենք օտար երկրներ և այնտեղ մեզ ավելի պաշտպանված ենք զգում, քան մեր սեփական երկրում, որովհետև այնտեղ գործում է արդարադատության այն համակարգը, որի դրական էլեմենտները փորձում ենք մեր երկրում տեղայնացնել։ Եթե մենք այս գործը չանենք, անընդհատ դժգոհելու ենք իրարից, թացն ու չորը միշտ խառնվելու են իրար»։