«Պատրաստ և զգոն պետք է լինենք. թուրքը եղել և մնում է արնախում վայրենի»
Ֆոտո վավերագիր, արցախյան շարժման մասնակից Մուշեղ Գասպարյանը և պատմաբան, պ.գ.թ Արմեն Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեցին Սումգայիթի ողբերգության 30-ամյա տարելիցին:
«Սումգայիթը ցույց տվեց, որ թուրք էթնոսը բնավ չի փոխվում: Թուրքական էթնոսի հոգեբանության և հոգեկերտվածքի մեջ մնացել են նույն վայրենի բնազդները, ինչ հատուկ են եղել նրանց՝ դեռևս միջնադարից, ու նաև դրանից հետո մինչև մեր օրերը,- ասաց Արմեն Կարապետյանը՝ հավելելով,- Ադրբեջան կոչված պետության հետ մենք կողք կողքի ապրել ենք բազում տարիներ, որի ընթացքում եղել են նաև տնտեսապես ծաղկուն և շեն տարիներ, բայց փաստորեն, պարզվեց, որ այդ ամենը միֆ է եղել, հեքիաթ, և, որ բավական է մի կայծ, որպեսզի թուրք էթնոսը, ինչպես գազանը, արյան համն առնելով՝ լկտիանա ու իր ճանապարհին սրբել-տանելով՝ ավերի ամեն կենդանի բան: Սումգայիթում կատարված ոճիրն ի դերև հանեց ևս մեկ իրականություն՝ վերջնականապես հօդս ցնդեցնելով սովետական քարոզչամեքենայի հնարած՝ ժողովուրդների բարեկամության մասին լեգենդը: Հետևաբար՝ պատրաստ և զգոն պետք է լինենք նրան, որ թուրքը եղել և մնում է արնախում վայրենի»:
Մուշեղ Գասպարյանն էլ նկատեց՝ սումգայիթյան սառնասիրտ հաշվարկված վայրագություններից հետո՝ Բաքուն, Կիրովաբադը, այնուհետև արցախյան շարժման դաժան ջարդերն ու կոտորածները եկան ապացուցելու, որ այս ամենն ադրբեջանական կողմից մի միտում է հետապնդում՝ բնաջնջել հայկական էթնոսը, հայերին, և այդ միտումն առավել քան ակնհայտ է ընդհուպ մինչև մեր օրերը.
«Սումգայիթյան վայրագությունները նախապես շատ լավ կազմակերպված գործողություններ էին: Այդ մասին հարյուրավոր վկայություններ կան: Նրանց նպատակն էր՝ մաքրել Ադրբեջանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հայերից, այնուհետև նաև՝ Հայաստանը: Այսօր այդ ծրագիրը շարունակվում է: Զգալով, որ եկել է պահը, և արդեն սեղմվել է մեր շուրջ կազմած թշնամու օղակը, ես որոշեցի անպայման հրատարակել ինձ մոտ պահվող վավերագիր փաստերը՝ սումգայիթյան և Բաքվի ջարդերից: Մեր ժողովրդի համար այդ ողբերգական օրերին ես օրեր շարունակ անցկացրել եմ «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ Ադրբեջանից խմբերով ժամանում էին մեր խոշտանգված հայրենակիցները:
Այսօր այստեղ գալուց առաջ տեղեկացա, որ Ադրբեջանի գլխավոր դատախազ Նադիր Միրզոևը ծանր հանցագործությունների քննության բաժնի ղեկավարի հետ հայտարարության է տարածել այն մասին, որ 30 տարի անց պարզվել է, որ սումգայիթյան և Բաքվի ջարդերի հեղինակը եղել են ոչ թե ադրբեջանցիները, այլ հենց հայերը, ովքեր կոտորել են իրենց իսկ համաքաղաքացիներին: Սա խոսում է այն մասին, որ մինչ օրս այդ պետությունը ոչ միայն չի գիտակցել իր կատարած ոճրագործության էությունը, այլև պատրաստ է նույն ոճով շարունակել և ապագայում»:
Բանախոսները միակարծիք են այն հարցի շուրջ, որ հայկական կողմը սումգայիթյան և Բաքվի ջարդերին համարժեք պատասխան՝ պետական մակարդակով, դեռևս չի տվել: Մինչդեռ ադրբեջանական կողմը, ըստ բանախոսների, խեղաթյուրելով պատմության ընթացքը, ջանքեր չի խնայում աշխարհի քաղաքակիրթ հանրությանն ապացուցելու, թե 30 տարի առաջ կատարված աննկարագրելի վայրագությունները իբրև հայերի կողմից՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացված ոճրագործության արդյունք էին: