«Մենք ունենք, այո, հակաժողովրդավարական վիճակ». Արմեն Ռուստամյան
«Մենք գիտեինք, որ սա այդպես պետք է լինի: Մենք վաղուց ասում էինք, որ նման հարցերը պետք է նախապես համաձայնեցված բերվեն օրակարգ: Եթե համաձայնությունը տեղի չի ունենում նախապես, պարտադրել ինչ-որ պրոցես սեփական սեպարատ գործողություններով՝ անհեռանկար գործ է: Առանց մեծամասնության քվեարկության, հնարավո՞ր է՝ որևէ բան փոխվի օրենքի մեջ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգից լիովին հրաժարվելու մասին «Ծառուկյան» խմբակցության նախագծին ՀՀԿ-ի դեմ քվեարկությանը:
Դիտարկմանը, որ, միևնույն է՝ մերժելու են, Ա.Ռուստամյանը հարցով հակադարձեց` միևնույն է՝ մերժվելու հաճույքը ո՞րն է, մազոխի՞զմ է: Ըստ նրա` ՀՅԴ-ն կողմ քվեարկեց, որովհետև կողմ է ցանկացած ճանապարհին, որ կփոխի այս ընտրակարգը, բայց սա միակ ճանապարհը չի, լուծումները բազմաթիվ են: Նա նկատեց, որ հիմա հեղինակներն ասում են, որ պատրաստ են քննարկելու:
«Մենք ունենք, այո, հակաժողովրդավարական վիճակ, երբ քիչ ձայն ստացածը մանդատ է ստանում, շատ ձայն ստացածը` ոչ, լինի դա նույն կուսակցությունից թե տարբեր: Այդ խնդիրը պետք է լուծենք: Ինչպե՞ս պետք է լուծենք, առաջ չընկնենք, եկեք ընդունենք, որ այդ հարցն իսկապես կա, և իրար հետ մտածենք, թե ինչպես պետք է հարցը լուծենք միասին: Եվ դա կդառնա բոլորի արդյունքը, և այդտեղ կլինի կոնսենսուս»,- ասաց Ա.Ռուստամյանը` հավաստիացնելով, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկելու, դա նաև կոալիցիոն հուշագրում է արձանագրված: