«Ի՞նչ է փոխվելու Ձեր ընտրությունից հետո. ինչ հարց տալիս ենք՝ ասում եք՝ տեղյակ չեմ». Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Մեղրյանին

Դատական բարձրագույն խորհրդի` իշխանական կոալիցիայի 5-րդ թեկնածու Սերգեյ Մեղրյանից այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց, թե Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Շանթը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալնե՞ր են. «Այս անգամ բոնուսով եմ պատրաստվել և ունեմ երկրորդը հարցը՝ եթե խուսափելու եք և չեզոք պատասխան եք տալու, խնդրում եմ՝ ասեք, թե հարցերին ուղիղ չպատասխանելն ինչքանո՞վ է համատեղվում անկախ դատարանի և անկախ դատավորի՝ ձեր ունեցած կերպարի հետ»։

Ի պատասխան՝ Մեղրյանն ասաց, որ իրավաբան է, խոսում է փաստերի և իրավական նորմերի լեզվով. «Մասնագիտությունս իրավական ոլորտում առնչվում է մասնավոր իրավունքի և քաղաքացիական դատավարության հարցերի հետ, ուստի առիթ չեմ ունեցել ուսումնասիրելու ձեր կողմից մատնանշված անձանց վերաբերյալ քրեական գործի նյութերը, և ինֆորմացված եմ այնքանով, որքանով այդ տեղեկությունները շրջանառվում են մամուլում։ Ուստի ես ո՛չ այո, ո՛չ ոչ պատասխան տալ չեմ կարող»։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, նա ասաց, որ այսօր ԱԺ-ն դատավորներ չի ընտրում. «Ցանկացած դատավոր իր հրապարակային ելույթներում կարծիք արտահայտելիս չպետք է այնպիսի վարքագիծ դրսևորի, որը կարող է հետագայում նրան ինքնաբացարկ հայտնելու հիմք հանդիսանալ այն գործերի շրջանակներում, որոնք որոշակիորեն կառնչվեն այդ քրեական գործերը քննող դատավորների հետ»։

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Մեղրյանը խոսում է նույն բառապաշարով, որով խոսում են Հայաստանի մյուս իրավաբանները, նույն շեշտադրումներն է անում, ինչ սովորեցրել են Իրավաբանության ֆակուլտետում. «Ես Ձեզ լսում եմ և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է փոխվելու Ձեր ընտրությունից հետո։ Ինչ հարց տալիս ենք՝ ասում եք՝ տեղյակ չեմ»։

Մեղրյանն ասաց, որ իր ողջ կենսագրության ընթացքում փորձել է լինել հնարավորինս անկախ իր անմիջական ղեկավարությունից, և նման վարքագիծ է պահանջել նաև իր ուսանողներից. «Երևի թե դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ առ այսօր զբաղվել եմ բացառապես գիտամանկավարժական աշխատանքով և երբևէ կաշկանդված չեմ եղել որևէ անձի անօրինական ցուցումներով։ Փորձել եմ լինել հնարավորինս ինքնուրույն, և դա ինձ հաջողվել է»։

Տեսանյութեր

Լրահոս