«Դուք միտումնավոր կամ պատահաբար հաստատեցիք, որ նշված անձինք քաղբանտարկյալներ են». Արարատ Միրզոյանը՝ Լիպարիտ Մելիքջանյանին
Դատական բարձրագույն խորհրդի իշխանական կոալիցիայի հաջորդ անդամից` Լիպարիտ Մելիքջանյանից, այսօր խորհրդարանում «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հետաքրքրվեց՝ Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Շանթը և ընկերները, Հայկ Կյուրեղյանը քաղբանտարկյալնե՞ր են, թե՞ ոչ։
Ի պատասխան՝ Մելիքջանյանն ասաց. «Խնդրում եմ՝ նկատի ունենալ, որ ես պրոֆեսիոնալ, արհեստավարժ իրավաբան եմ, այսինքն՝ ՀՀ-ում գոյություն ունի Քրեական օրենսգիրք, նախատեսված են քրեական հանցակազմեր, դատարանները պարտավոր են առաջնորդվել համապատասխան քրեական հանցակազմերով։ Այդ անձինք, որոնց նշում եք, դատապարտվել են կոնկրետ ՔՕ-ով նախատեսված հանցակազմով, իսկ արդյո՞ք այդ հանցակազմը համարվում է քաղաքական հանցագործություն, թե՞ ոչ, ես, ճիշտն ասած՝ քրեական իրավունքի մասնագետ չեմ, որ կարողանամ հստակ մատնանշել՝ կոնկրետ հանցակազմը քաղաքական հանցագործություն համարվում է, թե ոչ։
Ես կարող եմ իմ կարծիքն ասել, որ ողջ աշխարհում իշխանությունը ապօրինի բռնազավթելու համար դատապարտված անձինք միշտ էլ դատապարտվել են, գրեթե բոլոր երկրների օրենսդրությամբ նախատեսված է այդ հանցագործությունը։ Պատկերացրեք, եթե ՀՀ-ում նման հանցակազմ նախատեսված չլինի, յուրաքանչյուր անձ նման կոչերով հանդես կգա, կամ հենց իշխանությունը բռնի փոխելու համապատասխան եղանակով հանդես կգա»։
Նրա համոզմամբ՝ նմանատիպ հանցակազմերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն ՀՀ ՔՕ-ում, և դատարանները պարտավոր են առաջնորդվել ՔՕ-ով. «Իսկ հասարակությունը, քաղաքական գործիչները, արդեն, այդ անձանց գործողություններին համապատասխան, քաղաքական գնահատական կտան»։
Արարատ Միրզոյանը նկատեց, որ միտումնավոր կամ պատահաբար Մելիքջանյանը հաստատեց այն վարկածը, որ նշված անձինք քաղբանտարկյալներ են. «Դուք ասացիք, որ բոլոր երկրներում էլ մարդիկ, որոնք իշխանությունը բռնազավթելու կոչերով են հանդես գալիս, դատապարտվում են, բայց այս մարդկանց մեծ մասն այդ կոչերի պատճառով չեն դատապարտված, այսինքն՝ դուք այդ մարդկանց մասին մտածում եք, որ իրենք դրա համար են նստած։ Հայկ Կյուրեղյանը՝ խաղալիք ատրճանակով ջուր կրակելու, իսկ Գևորգ Սաֆարյանը` տոնածառ դնելու համար են դատվել։ Ես ստացա իմ հարցի պատասխանը»։