«Կոնսենսուս կա թե՛ իմ, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էդմոն Մարուքյանի, թե՛ Սերժ Սարգսյանի միջև». Արամ Սարգսյան

«Կոնսենսուս կա թե՛ իմ, թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Էդմոն Մարուքյանի, թե՛ Սերժ Սարգսյանի միջև, ինչքան էլ զարմանալի է, որովհետև մենք 3-ով համարում ենք, որ երրորդ ժամկետ պաշտոնավարելը ճիշտ չէ: Այստեղ բացառիկ տեսակետների համընկնում է, ինչը շատ ողջունելի է: Եվ դաշինքը բազմիցս հայտարարել է, որ իր համար Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ պաշտոնավարումն անընդունելի է:

Եվ «Ելք» դաշինքը հայտարարել է, որ հանրությունն իրավունք ունի նման պարագայում, եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը դնի, դրա դեմ ըմբոստանալու, հանրությունն իրավունք ունի նախորդ ընտրություններին, չնայած իր թաղի տղաներին հարգելով, ընտրակաշառքով, կամ հավատալով, Հանրապետականին իր քվեն տալուց հետո՝ հետևություն անի, որ Սահմանադրական հանրաքվեի ժամանակ իրեն խոստացան, որ այդ խնդիրը վերարտադրության համար չի, իսկ հիմա փորձում են լուծել այդ խնդիրը, այդ ճանապարհի խնդրում իրեն խաբել են, և հանրությունը կարող է բողոքել դրա առումով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք դաշինքում քննարկվե՞լ է այն, որ Նիկոլ Փաշինյանին իր ընտանիքը գործուղել է Ազատության հրապարակ, իսկ մամուլի տեղեկությունների համաձայն՝ երեկ բավականին թեժ խոսակցություն է եղել «Ելքի» առաջնորդների միջև, իսկ Սասուն Միքայելյանը փորձել է նույնիսկ հարվածել Նիկոլ Փաշինյանին:

Ըստ նրա` «Ելքի» բոլոր առաջնորդներն իրենց պատվի խնդիր կհամարեն իրացնել հանրության իրական պահանջը, և դա ակնհայտ է մինչ հիմա Նիկոլ Փաշինյանի, Էդմոն Մարուքյանի և իր արած հայտարարությունների մեջ: Տակտիկական մեթոդների առումով, Ա.Սարգսյանի խոսքով, դաշինքում դեռ քննարկումները մշտապես շարունակվում են, իսկ ձայն բարձրացնելու և մյուս տեղեկությունները բամբասանքի դաշտից է և, ըստ նրա՝ անիմաստ է նույնիսկ դրան անդրադառնալ. «Ակնհայտ սուտ է, հավատացեք ինձ, առավել ևս, որ պահքի մեջ եմ, սուտ չեմ ասի»:

Ա.Սարգսյանը նշեց, որ ինքը հակված չէ մանրամասնել այն քայլերը, որ առաջարկվում են դաշինքում, միաժամանակ հավելեց, որ քայլերի առումով մոտեցումները դաշինքում տարբեր են, բայց ընդհանուր գծի առումով նույնն է, և «Ելքում» չի ընդունվի այնպիսի որոշում, որը ձեռնտու կլինի իշխանությանը:

Թե ինչո՞ւ է Ն.Փաշինյանը գործուղվում Ազատության հրապարակ, եթե դաշինքում որոշում կայացված չէ, Ա.Սարգսյանը պատասխանեց, որ քանի դեռ որոշված չէ, թե տակտիկական քայլերն ինչպես են արվելու, այդ հարցին չի պատասխանելու, իսկ Փաշինյանը քաղաքական գործիչ է, քաղաքական կուսակցության ղեկավար, վառ անհատականություն, որը լրիվ իրավունք ունի իր տանը քննարկելու խնդիրներ և այդ մասին գրելու իր կայքում.

«Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ ոչ միայն ոչ մի վատ բան չեմ տեսնում, այլ մտահոգ հայ մարդու տեսակետ եմ տեսնում, որ այդ մարդը մի անգամ այդ գործընթացներով գնալով, զրկանքներ կրելով՝ նորից պատրաստ է զրկանքներ կրելու և ասում է` ժողովո՛ւրդ ջան, եթե դու պատրաստ ես, ես էլ եմ պատրաստ»:

Տեսանյութեր

Լրահոս