
Արցախի ԱԳՆ-ն բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին ընդունած որոշումը:
«Բարձր ենք գնահատում Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, որով երկրի օրենսդիր մարմինը վերահաստատում է 1915 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման մասին իր դիրքորոշումը:
Այս քայլը ևս մեկ ձայն է ի սատարումն միջազգային հանրության՝ անպատժելիության դեմ պայքարին և ապագայում նման հանցագործությունների կանխմանն ուղղված ջանքերին»,- ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ասված է հայտարարության մեջ:
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը:
Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: