Բաժիններ՝

«Այս վիճակում ընդունել երկիրը և փորձել այն ղեկավարել, չասեմ՝ մեծ համարձակություն է, այլ՝ մեծ առաքելություն է». Կարեն Աղամյանը՝ Արմեն Սարգսյանի թեկնածության մասին

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին Արմեն Սարգսյանի պաշտոնական առաջադրման թեմայից, իրենց՝ որպես մտավորականների, սպասելիքներից և առաջիկա նախագահական ընտրություններից:

Թե ի՞նչ փոփոխություններ կարող ենք ակնկալել՝ ինչպես հասարակական-քաղաքական կյանքում, այնպես էլ՝ մշակութային քաղաքականության մեջ, հանդիպման բանախոս, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը նշում է. «Այսօր մենք մի բան պետք է պարզենք՝ Հայաստանում իշխանական տարբեր թևերի՝ հասարակություն-իշխանություն կտրվածքներով անհրաժեշտ է իրար հասկանալ, համաձայնության գալ: Մենք պարտադրված ենք տարածաշրջանային ամեն օր փոփոխվող վտանգավոր զարգացումների ընթացքում լինել ներքուստ պինդ, հասկանալ ու ընկալել՝ ի՞նչ մարտահրավերներ կան իսկապես, և մենք՝ լինելով պատերազմական իրավիճակում գտնվող պետություն, մեզ շռայլություններ չպետք է թույլ տանք՝ անվերջ խմորումների մեջ մտնելու, խնդիրներն առճակատման հասցնելու տեսանկյունից: Ոչ ոք չի ասում՝ մի քննադատեք: Բազում թերություններ կան, բայց այդ ամենը պետք է համաձայնության դաշտում լուծվեն՝ խոսքի արվեստի միջոցով, որվհետև խոսքն ամենամեծ ուժն է: Արմեն Սարգսյանը փորձում է հենց այդ դաշտը ընկալել ու իր մոտեցումները ներկայացնել նաև հենց այդ դաշտում: Ծանոթ լինելով նրա ծավալած գործութնեությանը և, որոշակիորեն՝ նաև նրա մարդկային կերպարին՝ համոզված եմ, որ իր ունեցած հսկայական փորձով՝ աշխատելու նաև միջազգային հարթակներում, նա կնպաստի մեր երկրի զարգացման ուղուն»:

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք նոր սահմանադրությամբ նախատեսվող նախագահի սահմանափակ հնարավորությունները վերջինիս թույլ կտան հնարավորությունների լիակատար դրսևորմանը, Է. Միլիտոնյանը պատասխանում է՝ եկեք նժարի վրա չդնենք իշխանական որևէ օղակի դեր՝ ո՞վ ավելի շատ հնարավորություններ ունի, ո՞վ՝ քիչ: Եկեք մտածենք, որ մենք բոլորով միասին պետք է նպաստենք մեր երկրի ու պետության առաջընթացին:

Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն էլ նկատում է՝ ասուլիսն ավելի հետաքրքիր կստացվեր, եթե իրենք արդեն իսկ հանդիպած լինեին պարոն Արմեն Սարգսյանի հետ և շատ հարցեր քննարկած լինեին, այնուամենայնիվ, ինքը շարունակում է մնալ լավատես՝ սպասելով դրական փոփոխություններ և զարգացումներ.

«Մեզ նախագահ է գալիս մի մարդ, ով համաշխարհային համբավ ունի: Սա ոչ թե տեղական իմաստով՝ մեծություն է, այլ՝ մեծ հարթակներ տեսած և մեծ փորձ ունեցող մի մարդ է, որի հմտությունները, կարծում եմ, պետք է օգտակար լինի Հայաստանին: Չպատմեմ, թե ինչպիսի վիճակում ենք մենք հիմա, առանց այդ էլ բոլորս լավ գիտենք, թե խորքում ինչպիսի վտանգների առաջ է հայտնվել մեր երկիրը: Այս վիճակում ընդունել երկիրը և փորձել այն ղեկավարել, չասեմ՝ մեծ համարձակություն է, այլ՝ մեծ առաքելություն է, որն իր ուսերին է վերցնում մի մարդ, ով, կարծում եմ, ունակ է այս ամենը ղեկավարել և տանել առաջ»:

Անդրադառնալով մշակութային ոլորտի խնդիրներին՝ Կարեն Աղամյանը նկատում է՝ խնդիրները շատ են, Հայաստանում մշակույթը հետնահանջ է ապրում. «Ես հույս ունեմ, որ ապագայում, նոր նախագահի առկայությամբ՝ ևս այս ամենը կճշտվի»:

Բանախոսները նկատում են՝ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը դեռևս չի հանդիպել ստեղծագործական միությունների ղեկավարների հետ, բայց Է. Միլիտոնյանը հավելում է՝ ինքը տեղյակ է, որ նման հանդիպում առաջիկայում նախատեսվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս