Բաժիններ՝

«Վերջին տարիների ընթացքում ամուսնալուծության գործերի ծավալն ավելացել է». Արամազդ Կիվիրյան

Փաստաբան Արամազդ Կիվիրյանը և հոգեբան Աննա Բադալյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեցին ամուսնալուծությունների ու դրանց պատճառների մասին, անդրադարձ կատարեցին նաև պրակտիկ վիճակագրությանը:

Ասուլիսի մեկնարկին փաստաբան Արամազդ Կիվիրյանը նկատում է՝ պրակտիկորեն կարելի է ասել, որ վերջին տարիների ընթացքում ամուսնալուծության գործերի ծավալն ավելացել է: Պատճառները, ըստ բանախոսի՝ տարաբնույթ են, թեև իր՝ որպես փաստաբանի, խորին համոզմամբ՝ ամուսնալուծությունների հիմնական պատճառը մնում է սոցիալական խնդիրը:

Հոգեբան Աննա Բադալյանն ընդգծում է՝ ընտանիքը բարդ հոգեբանական կառույց է, և ցանկացած խնդիր, որ վերաբերում է ընտանիքին, անհատական մոտեցում է պահանջում՝ ոչ միայն ընտանիքին, այլև այդ ընտանիքի յուրաքանչյուր անդամին: Անդրադառնալով ամուսնալուծությունների պատճառներին՝ Աննա Բադալյանը նկատում է.

«Որպես հոգեբան՝ ասեմ, որ ընտանեկան ճգնաժամերն ու կոնֆլիկտները, անձի տեսակների հակադրությունները, հոգեբանական տեսանկյունից՝ սոցիալական խնդիրը նվազագույն պատճառն է, որ կարելի է արձանագրել: Շատ հաճախ, երբ կա հանդուրժողականության մթնոլորտ, վիճահարույց իրավիճակներից դուրս գալու իրական ցանկություն, ապա սոցիալական խնդիրը երկրորդ պլան է մղվում, և մարդիկ կարողանում են պահպանել այն ամենը, ինչ իրենց համար իսկապես թանկ է»:

Ամուսնալուծությունների ընթացքում երեխաների հետ առաջացած խնդիրների պարագայում հոգեբանը նկատում է՝ նույնիսկ այն ընտանիքները, որոնք փորձում են պահպանել իրենց գոյությունը հանուն երեխաների, բայց ընտանիքում հանդուրժողականություն, սեր և միություն չկա, ապա այդպիսի ընտանիքներում երեխաների ճակատագիրը երիցս ավելի վատ է լինում, որովհետև երեխաները մեծանում են բռնություն և կոնֆլիկտների մթնոլորտում:

Անդրադառնալով վիճակագրական տվյալներին՝ փաստաբան Արամազդ Կիվիրյանը նկատում է՝ պարտադիր չէ, որ ամուսնալուծությունները լինեն հենց դատարանի միջամտությամբ: Համատեղ դիմում ներկայացնելու կարգով կողմերը հաճախ ամուսնալուծվում են քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Այնուամենայնիվ, փաստաբանը նշում է՝ ցանկացած պարագայում ամուսնալուծության որոշում կայացրած զույգերի պարագայում նախևառաջ թե՛ դատարանը, թե՛ փաստաբանը փորձ են անում հաշտեցման եզրեր գտնել, որի անհնարինության պայմաններում է միայն տեղի ունենում ամուսնալուծության գրանցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս