
Արմեն Սարգսյանն առաջադրվել է Հանրապետության նախագահի թեկնածու

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» եւ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների պատգամավորները, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Արմեն Վարդանի Սարգսյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից:
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 23-ին խորհրդարանում հանդիպել է իշխող կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի խմբակցությունների պատգամավորների հետ: Հանդիպման ընթացքում որոշվել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ նախագահի պաշտոնում կառաջադրեն Արմեն Սարգսյանի թեկնածությունը:
Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկումները կմեկնարկեն մարտի 1-ին, իսկ քվեարկությունը տեղի կունենա մարտի 2-ին: