Բաժիններ՝

Առողջապահության ազգային կենտրոնի տնօրենը ներկայացրել է ծխելու դեմ պայքարի պատկերանշանը

Ծխելու դեմ պայքարի շարժումն այսուհետև կընթանա հանրության շրջանում հավանության արժանացած պատկերանշանով։

Այն պաշտոնապես ներկայացնելով` ՀՀ ԱՆ առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը կարևորել է, որ հանրային վայրերում ծխելն արգելող այս պատկերանշանը, հավանության արժանանալով նաև սոցիալական ցանցերում, մեծ տարածում է ստացել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Ստեղծարար այս խումբն իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերել և ներքին համոզվածությամբ ու հոգի դնելով է այս գործն արել»,-ասել է Ալեքսանդր Բազարչյանը։

«Դոպինգ» ստեղծագործական ընկերության հիմնադիր տնօրեն Հայկ Սիմոնյանի խոսքով` խորհրդանշանի ստեղծման գաղափարը ծնվել է անցած տարվա մայիսի վերջին, երբ առողջապահության նախարարությունը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում շեշտեդրում էր պասիվ ծխողներին ծխից զերծ պահելու անհրաժեշտությունը։

Խորհրդանշանի ստեղծման գաղափարախոսությունը ներկայացվել է «Դոպինգ» կազմակերպության նկարահանած տեսահոլովակով։

Հայաստանում ծխում է բնակչության 27,9 տոկոսը, մնացած 72,1 տոկոսը հասարակական վայրերում և տներում դառնում են պասիվ ծխողներ։ Հաշվի առնելով ճանապարհային երթևեկության նշանների նկատմամբ զգուշավորության բարձր մակարդակը` մուտքն արգելող նշանի վրա արտահայտվել է ծխողների և պասիվ ծխողների տոկոսային համակցությունը։ Արդյունքում ստեղծվել է հասարակական վայրերում ծխելն արգելող այս նշանը։ Լինել պասիվ ծխող, թե ակտիվ չծխող` որոշումը ձերն է։

Պատկերանշանը որպես նվեր ընդունելու «Դոպինգի» առաջարկը սիրով ընդունվել է նախարարության կողմից։

Նշենք, որ պատկերանշանը հաջողություն է գրանցել ինչպես տեղաբնակ, այնպես էլ զբոսաշրջիկներից կազմված ֆոկուս խմբերում։ Այն արժանացել է նաև Երևանի մի խումբ հանրային սննդի օբյեկտների հավանությանը, իսկ առանձին փաբեր նույնիսկ այդ պատկերանշանով «առանց ծխախոտի» օրեր են կազմակերպել։

Այս պատկերանշանն անցած տարվա նոյեմբերին կայացած Երևանի արտաքին գովազդի փառատոնում արժանացել է մրցանակի` բարձր գնահատական ստանալով միջազգային փորձագետների կողմից։ Հեղինակները պատրաստվում են պատկերանշանը ներկայացնել մի շարք գովազդային հեղինակավոր փառատոների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս