«Որպես քաղաքացի՝ մեր անհանգստությունն ենք հայտնում, նման բան չի կարելի անել». Արմեն Ամիրյանը՝ «Քարերի սիմֆոնիայի» մասին
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանելով բնական հուշարձան համարվող «Բազալտե երգեհոնի»՝ Գառնու «Քարերի սիմֆոնիայի» շրջակայքում կատարվող շինարարության վերաբերյալ հարցին՝ ասաց. «Այդ կառույցի թույլտվության հետ կապված մենք իրավական որևէ առնչություն չենք կարող ունենալ, որովհետև դա բնական հուշարձան է:
Որպես քաղաքացի, իհարկե, մեր անհանգստությունն ենք հայտնում, որովհետև նման բան չի կարելի անել: Կարծում եմ՝ պատկան մարմինները՝ համայնքի ղեկավարությունը և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են կատարվածի համար, արդեն արձագանքել են և համապատասխան լուծում կտան հարցին»:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Գառնու ձորում՝ հուշարձանից մոտ 12 մետր հեռավորության վրա 180 քմ սեփականաշնորհված տարածք կա, որով անցնում է ձորի ճանապարհը: Առայժմ հայտնի չէ՝ շինարարությունը նշված մասնավո՞ր, թե՞ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում է:
Ըստ լուրերի՝ տարածքի սեփականատերը Գառնիի բնակիչ ոմն Ծովինար Համբարձումյան է, իսկ շինարարությունը կատարում է նրան պատկանող ընկերությունը: