««Քարերի սիմֆոնիայի» դիմաց կառուցված փայտե շինությունը ժամանակավոր կառույց է, որը պետք է սրճարանի ֆունկցիա կատարի». Դավիթ Լոքյան

«Գառնու համայնքապետը «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի դիմաց շինարարություն իրականացնելու թույլտվություն չի տվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

«Կառույցն այդ տարածքում առանց թույլատվության կառուցելն ինձ համար ընդունելի չէ, սա միանշանակ է, և համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Այդտեղ մեղքի բաժին ունի համայնքապետը, որ իր տարածքում կառուցապատում է իրականացվել, ինքը չի միջամտել, տեսչություններն ունեն, որոնք կառուցվելուց հետո են տեսնում, որ նման շեղում ունենք։ Այս խնդիրը կկանոնակարգվի»,- պարզաբանեց նախարարը։

Դավիթ Լոքյանի տեղեկություններով՝ հուշարձանի դիմաց կառուցված փայտե շինությունը  ժամանակավոր կառույց է, որը պետք է սրճարանի ֆունկցիա կատարի. «Այնպես չէ, որ պետք է բացարձակացնենք, որ ոչինչ չի կարելի այնտեղ կառուցել։ Եթե դա չի խանգարում, չի աղճատում բնության այն ընդհանուր պատկերը, որ մենք ունենք, պետք է հասկանանք՝ ինչ ենք անում։ Եթե աղճատում է, չպետք է թույլատրվի, վերջ։ Բայց դա պետք է մասնագետներն ասեն»։

Հիշեցնենք, որ Գառնիում գտնվող «Քարերի սիմֆոնիա» կոչվող հուշարձանի առջև շինարարություն է իրականացնում Գառնի գյուղի բնակիչներից մեկի մասնավոր ընկերությունը: Նախատեսվում է այնտեղ տեղադրել շարժական տաղավարներ:

Տեսանյութեր

Լրահոս