
Նիդերլանդների խորհրդարանը հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին. Է. Նալբանդյանը` երկրի խորհրդարանում Ցեղասպանության մասին որոշման վերաբերյալ

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատում Նիդերլանդների խորհրդարանում այսօր ընդուված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանությանն ճանաչումը։
Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Բարձր ենք գնահատում բարեկամ Նիդերլանդների խորհրդարանում այսօր տեղի ունեցած քննարկումները և դրանց արդյունքում ընդունված որոշումները, որոնք աներկբայորեն վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։
Այս քայլով Նիդերլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»։
Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը. այդ մասին տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
«Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասել է Հախվերդյանը: