
Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևերը

Նիդերլանդների խորհրդարանը քվեարկության արդյունքներով ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել է երկրի կոալիցիոն կառավարության մեջ մտնող Քրիստոնեական միություն կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած Հայոց ցեղասպանության երկու բանաձևերը: Այդ մասին տեղեկացրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:
«Բանաձևերի քվեարկություններին կողմ հանդես եկան գրեթե բոլոր խմբակցությունները. դեմ քվեարկեց միայն փոքրաթիվ խմբակցություններից մեկը, որի երեք անդամներն էլ ազգությամբ թուրք են: Բանաձևերն ընդունվեցին 142 կողմ ձայներով»,- ասաց Հախվերդյանը:
Առաջին բանաձևով վերահաստատվում է Նիդերլանդների կողմից 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը, իսկ երկրորդով պարտադրվելու է կառավարությանը նախարարի մակարդակով հինգ տարին մեկ անգամ ապրիլի 24-ին այցելել և հարգանքի տուրք մատուցել Ծիծեռնակաբերդում: