Բաժիններ՝

Եղիշե Չարենցի՝ Հայպետհրատում աշխատանքի անցնելու 90-րդ տարին խորհրդանշող ցուցահանդես է բացվել

2018 թվականին լրանում է Եղիշե Չարենցի՝ Հայպետհրատում աշխատանքի անցնելու 90-րդ տարին: 1928 թվականի հուլիսի 1-ից Եղիշե Չարենցը աշխատել է Հայպետհրատի գեղարվեստական ենթաբաժնում՝ որպես վարիչ, իսկ 1930 թ. հունիսի 1-ին կազմավորվել է գեղարվեստական բաժին, որի վարիչ է նշանակվել նա։ 1934 թ. ապրիլի 1-ին նշանակվել է դասականների հրատարակության պատասխանատու խմբագիր և այդ պաշտոնից ազատվել 1935-ի մարտի 8-ին։ Նախօրեին բանաստեղծի անունը կրող տուն-֊թանգարանում բացվեց ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված Եղիշե Չարենցի՝ Հայպետհրատում աշխատած տարիներին։

Գրքի տոնին ընդառաջ Չարենցի տուն-թանգարանու մեկնարկած ժամանակավոր ցուցադրության ընթացքում ներկայացվել են Եղիշե Չարենցի՝ այդ տարիներին արված աշխատանքները:

Հայպետհրատում աշխատելու տարիներին է, որ Եղիշե Չարենցի գեղարվեստական բարձր ճաշակի, գրագիտության և անսպառ եռանդի շնորհիվ հայ գրատպությունը մեծ զարգացում է ապրում: Նա կարողանում է իր շուրջը համախմբել ժամանակի տաղանդավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին և ուրիշների, և նրանց հետ միասին հրատարակել նոր, թարմ մտքերով և լուծումներով հարուստ բազմաթիվ գրքեր: Լավ իմանալով կերպարվեստի պատմությունը` նա հաճախ նկարիչներին ցուցումներ էր տալիս, թե ինչպես ձևավորել այս կամ այն գիրքը: «Ամեն մի գրքի շուրջ նա երկար զրույց էր ունենում նկարչի հետ, նրան ոճային ուղղություն էր տալիս, որպեսզի գիրքը զգեստավորեր իր բովանդակության համաձայն»,- հիշում էր Հակոբ Կոջոյանը:

Ստանալով Կոմկուսի Կենտկոնի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի համաձայնությունը` Չարենցը մեծ դժվարությամբ համոզում է լեզվաբան Մանուկ Աբեղյանին՝ գլխավորել հայկական ժողովրդական էպոսի հրատարակության գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին` 1935թ.-ին լույս է տեսնում «Սասնա ծռերի» Ա հատորը` Եղիշե Չարենցի պատասխանատու խմբագրությամբ:

Իր հուշերում Կարո Մելիք-Օհանջանյանը հիշում է. ««Սասնա ծռերի» Ա հատորը պատրաստ էր. տարանք Պետհրատ: Լավ հիշում եմ` ինչպիսի անկեղծ ուրախությամբ Չարենցը դիմավորեց մեզ, երբ «ծռերի» Ա հատորի ձեռագիրը հանձնեցինք նրան: Նրա մեծ, գեղեցիկ աչքերը փայլում էին, ահարկու քթի տակ լայն ժպիտ էր խաղում: Շնորհավորում եմ,- մեկնեց նա իր ձեռքը մեզ,- ահա մի անմահ գործ, որով դարեր շարունակ հիացել ու ոգևորվել է մեր ժողովուրդը, և դեռ շատ ու շատ դարեր էլ ավելի կսիրի ու կպարծենա ու կոգևորվի առհասարակ հայ մարդը»:

Պետհրատում աշխատելու տարիներին Չարենցի նախաձեռնությամբ լույս են տեսնում հայ անվանի երաժշտահաններ Կոմիտասի, Սպենդիարյանի, Տիգրանյանի, Ռոմանոս Մելիքյանի, Վ. Տիգրանյանի, Ա. Սաթյանի և ուրիշների ստեղծագործությունները: Քանի որ այդ ժամանակ Հայաստանում նոտաներ տպագրելու հնարավորություն չկար, Կոմիտասի երկու ժողովածուները հրատարակվում են Մոսկվայում: Չարենցի նախաձեռնությամբ Պետհրատի տպարանում ստեղծվում են նոտաների տպագրության տեխնիկական հնարավորություններ:

Եղիշե Չարենցի՝ Հայպետհրատում աշխատանքի անցնելու 90-րդ ամյակին նվիրված ցուցադրությունը բանաստեղծի անունը կրող տուն-թանգարանում կշարունակվի մինչև մարտի 29-ը:

Լուսանկարները՝ Եղիշե Չարենցի տուն թանգարանի ֆեյբուքյան էջից

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս