Բաժիններ՝

Լիբանանի Հանրապետության նախագահն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Փետրվարի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունին՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանի: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ ասվում է. «Հանդիպմանը Նորին Սրբությունն իր ուրախությունն արտահայտեց բարեկամ երկրի նախագահի՝ Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն այցի կապակցությամբ՝ գոհունակությամբ հաստատելով, որ հայ-լիբանանյան սերտ կապերն ունեն պատմական խոր արմատներ՝ ամրորեն խարսխված փոխադարձ վստահության վրա:

Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ նախագահ Միշել Աունի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության ամրապնդման և երկու ժողովուրդների փոխհարաբերությունների առավել ընդլայնման տեսանկյունից:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայ ժողովրդի հանդեպ եղբայրական սիրո և բարյացակամության արտահայտությունն արաբ ժողովրդի հյուրընկալ ոգին էր, որի շնորհիվ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներն ապաստան գտան Լիբանանի օրհնյալ երկրում։ Դրա վկայությունը Նորին Սրբությունը նկատեց Լիբանանի այսօրվա աշխույժ հայ համայնքի առկայությունը, որը Սփյուռքի ամենաավանդական և կազմակերպված համայնքներից է և վայելում է երկրի իշխանությունների հարգանքն ու հոգածու վերաբերմունքը։

Հայ-լիբանանյան կապերի զորացման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Լիբանանում են գտնվում Հայոց Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես նաև Հայ Կաթողիկե Պատրիարքությունը։

Իր հերթին նախագահ Աունը, իր ուրախությունն արտահայտելով Սուրբ Էջմիածին այցի առիթով, հույս հայտնեց, որ իր այցը բարեկամ երկիր դրական արդյունքներ կբերի հայ-լիբանանյան հարաբերությունների առավել զարգացման գործում: Նախագահը հավելեց, որ ինքը քաջածանոթ է հայոց պատմությանը և մշակույթին, ինչի արդյունքում հայ ժողովրդին ճանաչում է որպես ամուր հավատք ունեցող խիզախ ժողովրդի:

Խոսելով Լիբանանում հայկական համայնքի մասին՝ պրն. Միշել Աունը գնահատանքով նշեց, որ այն մեծ ներդրում ունի երկրի կյանքում, տնտեսական, մշակութային, կրթական և այլ ոլորտներում:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ղարաբաղյան հակամարտությանը, տարածաշրջանում կայունության և խաղաղության վերահաստատման հրամայականին: Այդ առնչությամբ կարևորվեց կրոնների և հոգևոր առաջնորդների խաղաղասիրական առաքելությունը, քանի որ բացառապես հավատքի, հույսի և սիրո արժեքներով պիտի աշխարհում խաղաղություն կերտվի:

Վերջում Ամենայն Հայոց Հովվապետը նախագահ Միշել Աունին արգասաբեր առաքելություն մաղթեց Հայաստանում` ի նպաստ հայ-լիբանանյան կապերի առավել սերտացման և արդյունավորման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև խաղաղ ու բարօր կյանքի իր բարեմաղթանքները հղեց Լիբանանի բարեսեր ժողովրդին։

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի պատասխանատու Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը, Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմբերջյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի թեմական խորհրդի ատենապետ Ժոզեֆ Քանիմյանը, Լիբանանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սամվել Մկրտչյանը և ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը:

Լիբանանի Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Մայր Տաճար, ծանոթացավ տաճարի Ավանդատուն-թանգարանում ցուցադրվող հայ հոգևոր մշակույթի արժեքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս