Բեռլինի պատի անկումից գրեթե 30 տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանն ակնհայտորեն ձեռնարկում է հնարավոր բոլոր ջանքերը տարածաշրջանում համագործակցության մթնոլորտը բարելավելու համար, սակայն հակամարտությունները և բաժանարար գծերը շարունակում են խոչընդոտել համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, նման հայտարարությամբ Եվրոպական խորհրդարանում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Բեռլինի պատի անկումից գրեթե երեսուն տարի անց Թուրքիան շարունակում է փակ պահել Հայաստանի հետ իր սահմանը: Երբ տասը տարի առաջ Նախագահ Սերժ Սարգսյանը ստանձնեց պաշտոնը, նա նախաձեռնեց Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթաց: Թուրքիան համաձայնեց առաջ շարժվել այս հիմքի վրա, և մեկ տարի անց Ցյուրիխում Հայաստանը և Թուրքիան երկու արձանագրություն ստորագրեցին այս ուղղությամբ»,- նշել է Նալբանդյանը՝ հավելելով, որ ստորագրումից անմիջապես հետո Թուրքիան հետ կանգնեց պայմանավորվածություններից:

ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Անկարան ոչ միայն ձեռնպահ մնաց արձանագրությունների վավերացումից, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը որդեգրել էր գործընթացի մեկնարկից առաջ: Թուրքիան փորձեց հայ-թուրքական կարգավորման գործընթացը կապել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ` հիմնված ադրբեջանական կողմի անհիմն պահանջների վրա: «Թուրքական կողմի յուրաքանչյուր փորձ միջամտելու ղարաբաղյան գործընթացին կամ հարաբերությունների կարգավորումը կապելու Լեռնային Ղարաբաղի բանակցությունների հետ վնասում է երկու գործընթացներին էլ: Սա այն դիրքորոշումն է, որը բազմիցս ընդգծվել է ողջ միջազգային հանրության կողմից: Գործընթացի սկզբից ի վեր թուրքական կողմի հետ մեր շփումներում, ինչպես նաև հրապարակայնորեն հստակ նշել ենք, որ Հայաստանը երբևէ հարցականի տակ չի դնելու Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա միջազգային ճանաչման կարևորությունը: Իրական հաշտեցումը հիմնված չէ անցյալը մոռանալու կամ երիտասարդ սերնդին ժխտողականության հեքիաթներով սնուցելու վրա»,- շեշտել է Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չէր պահանջում Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Որքան էլ որ տարօրինակ է, հենց Թուրքիան, որը հարյուր տարի շարունակ շարունակաբար ժխտել է Ցեղասպանությունը, փորձեց շահարկել այդ խնդիրը` այն օգտագործելով որպես նախապայման: «Անդրադառնալով այս խնդրին Եվրախորհրդարանի պատերի ներքո իմ ելույթում՝ չեմ կարող չնշել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ առաջին բանաձևերից մեկն ընդունվել է հենց այստեղ դեռևս 1987թ.։ Կցանկանայի օգտվելով առիթից շնորհակալություն հայտնել Եվրոպական խորհրդարանին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին իր սկզբունքային դիրքորոշումն արտահայտելու համար»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը։

Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ Թուրքիայի հետ կարգավորման գործընթացը կարող էր նոր հնարավորություններ ստեղծել ինչպես երկու ժողովուրդների, այնպես էլ ընդհանուր առմամբ տարածաշրջանի համար: «Հայաստանը ջանք չի խնայել, որ գործընթացը հաջողությամբ պսակվի։ Թուրքիան բաց թողեց հաշտեցման պատմական հնարավորությունը: Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը։ Ինչպես անցյալ շաբաթ օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի ժամանակ ունեցած իր ելույթում ընդգծել է Նախագահ Սարգսյանը . «Մենք չենք կարող հավերժ սպասել Թուրքիայի պատասխանին»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Տեսանյութեր

Լրահոս