Բաժիններ՝

«911» ծառայությունում կներդրվի տեղորոշման համակարգ

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում կներդրվի տեղորոշման համակարգ: Այս նպատակով փոփոխություն կկատարվի «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որը Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը կներկայացնի վաղվա կառավարության նիստում։

«911» ծառայությունը գործում է 2011թ-ից և իրականացնում է տարաբնույթ ահազանգերի սպասարկում, ահազանգողներին ցուցաբերում բժշկական և հոգեբանական խորհրդատվություն ու աջակցություն, կազմակերպում ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում՝ ներգրավելով համապատասխան ուժեր ու միջոցներ:

Գործունեության տարիներին ծառայությունը սպասարկել է 6մլն-ից ավելի զանգ, և այս ցուցանիշն ունի աճի միտում: Դրանց գերակշիռ մեծամասնությունը կրում են կենցաղային բնույթ, իսկ արտակարգ դեպքերի 98%-ից ավելին՝ խնդրահարույց չեն: Սակայն, գրանցվում են նաև այնպիսիք, երբ ահազանգողն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում ոչ միայն ճշգրիտ, այլև՝ մոտավորապես տրամադրել դեպքի վայրի հասցեն, այն պարագայում, երբ անհապաղ օգնության կարիք են զգում մեր քաղաքացիները, ակնկալվում է տարբեր օպերատիվ ծառայություների արձագանքում:

Նման իրավիճակներում զգալի ուշանում է արձագանքումն ու անհետաձգելի օգնության ցուցաբերումը, առաջանում է լրացուցիչ ուժեր ներգրավելու անհրաժեշտություն: Իրավիճակն էապես փոխվում է, երբ «911» օպերատորը հնարավորություն է ունենում տեղորոշել ահազանգողի գտնվելու վայրը: Տեղորոշման համակարգերը տարիներ շարունակ արդյունավետ կիրառվում են ԱՄՆ-ի «911», Եվրամիության գրեթե բոլոր երկրների «112» ահազանգման կենտրոններում, և այս փորձը տարածում է գտնում ամբողջ աշխարհում:

Նախագծի հեղինակները կարծում են, որ ՀՀ-ում դրա ներդրման շնորհիվ զգալի կնվազի օգնության ցուցաբերման ժամանակահատվածը, կիրականացվի թիրախային արձագանքում, կկանխվի ավելորդ ուժերի վատնումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս