
Լավրովը Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով սիրիական Աֆրինում տեղի ունեցող դեպքերին, Սիրիային և Թուրքիային երկխոսության կոչ է արել: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Թուրքիան Դամասկոսի հետ անմիջական երկխոսության միջոցով կարող է իր անվտանգության շահերն ամբողջովին պաշտպանել»,-Մոսկվայում Պակիստանի արտգործնախարար Հոջա Մուհամեդ Ասըֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է, որ ինքը շատ լավ հասկանում է և Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ Թուրքիայի մտահոգությունները, և քրդերի ցանկությունները: Լավրովը հավելել է նաև, որ այս հարցում շահարկումներ չպետք է լինեն:
«Թուրքերի մտահոգությունները և քրդերի ցանկությունը ընդունում ենք: Մեզ համար ընդունելի չէ այն, որ օտար ուժերը տարբեր քաղաքական նպատակներով Սիրիայում շահարկում են այդ ամենը»,-նշել է ՌԴ արտգործնախարարը: