Բաժիններ՝

«Մենք վաղուց երազանք ունեինք ոչ միայն բացելու Կինեմատոգրաֆիստների միության դռները, այլև ստեղծելու գիլդիաներ». Հարություն Խաչատրյան

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում այսօր տեղի ունեցավ կինեմատոգրաֆիստների միության պրոֆեսիոնալ գիլդիաների ղեկավարների առաջին համատեղ մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոռեժիսորների գիլդիայի նախագահ Միքայել Դովլաթյանը, կինոպրոդյուսերների գիլդիայի նախագահ Կարեն Ղազարյանը, կինոդերասանների գիլդիայի նախագահ Վիգեն Ստեփանյանը, կինոսցենարիստների գիլդիայի նախագահ Լևոն Գալստյանը, կինոօպերատորների գիլդիայի փոխնախագահներ Արտո Մելքումյանը, Մկրտիչ Բարոյանը, կինոնկարիչների գիլդիայի փոխնախագահ Սեդրակ Վելիկոդնին, կինոգետների և կինոլրագրողների գիլդիայի փոխնախագահ Րաֆֆի Մովսիսյանը, կինեմատոգրաֆիստների միության նախագահի գլխավոր խորհրդական Արայիկ Մանուկյանը:

«Մենք վաղուց երազանք ունեինք ոչ միայն բացելու Կինեմատոգրաֆիստների միության դռները, այլև ստեղծելու գիլդիաներ,- ասուլիսի մեկնարկին ասաց ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը՝ հավելելով,- Ինչո՞ւ էին շատերը դեմ կինոգիլդիաների ստեղծմանը, որովհետև կինոգիլդիաները կարծես թե մրցակցության մեջ են Կինոմիության հետ կամ կարող են մրցակցել: Սա մի լուրջ խումբ կարող է դառնալ, որը հետագայում իր պրոֆեսիոնալ իրավունքները պաշտպանող և խնդիրները վերհանող մի կուռ կառույց կլինի, միաժամանակ՝ մի առանձին միություն, որը կարող է լրջորեն ազդել և՛ կինոյի զարգացման քաղաքականության վրա, և՛ այդ քաղաքականությունը վարողների վրա»:

Հարություն Խաչատրյանը նշում է՝ միության պրոֆեսիոնալ գիլդիաների ստեղծման աշխատանքները տևել են մի քանի ամիս, որի արդյունքում՝ նախաձեռնող խմբերի կողմից ստեղծվել են Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության հովանու ներքո գործող կինոպրոդյուսերների, կինոռեժիսորների, կինոսցենարիստների, կինոօպերատորների, կինոդերասանների, կինոնկարիչների, կասկադյորների պրոֆեսիոնալ գիլդիաներ, ընտրվել են գիլդիաների նախագահությունները, որոնց խնդիրն է՝ համախմբել կինոմասնագիտությունների ներկայացուցիչներին, ձևավորել համապատասխան աշխատանքային գործնական և ստեղծագործական մթնոլորտ: Արդեն իսկ ստեղծվել և հաստատվել են գիլդիաների աշխատանքը ուղենշող համապատասխան կանոնակարգեր, ինչպես նաև մեկնարկել է գիլդիաներին անդամակցության պրոցեսը: Ստեղծվել է նաև գիլդիաների նախագահների խորհուրդը, որ կոչված է առավելագույնս համակարգելու կատարվող աշխատանքները:

Անդրադառնալով պետական միջոցներից կինոոլորտին հատկացվող ֆինանսավորմանը և դրա հետագա զարգացմանը, Հարություն Խաչատրյանը նկատում է. «Պետական աջակցությունը կինոյին շատ չէ, բայց միաժամանակ՝ նաև քիչ էլ չէ: Հետևաբար՝ կարելի է այդ միջոցները շատ ավելի ճիշտ կերպով վերաբաշխել և ավելի ճիշտ պահպանել կինոմասնագիտությունների իրավունքները: Գիլդիաների ստեղծումը միտում ունի կարգավորել նաև այս խնդիրները: Թեև շատ մեծ կինոարտադրության ծավալներով հայտնի երկիր չենք, բայց կարող ենք դառնալ, այնուամենայնիվ միայնակ առաջ շարժվելը շատ ավելի դժվար է, քան միահամուռ ուժերով: Մենք հետ ենք սովորել աշխարհից փողեր բերելու, աշխարհի կինոֆոնդերին դիմելու հնարավորությունից, և դեռևս արդիական է մնում ծերունական այն ցանկությունը, թե որևէ մեկը մեզ պետք է օգնի, գումարներ տա, որպեսզի մենք ֆիլմեր նկարենք: Պետք է փնտրել, գտնել այդ գումարները, երբեք չմոռանալով այն մասին, որ կինոարտադրությունը շատ կարևոր մշակութային զենք է: Այնպես որ, գիլդիաների ստեղծումը գալիս է շատ ավելի ուժեղացնելու կինոարտադրության զարգացումն ու նաև կինոմթնոլորտը»:

Հարություն Խաչատրյանը վստահ է՝ պրոֆեսիոնալ գիլդիաների կայացմամբ է հնարավոր էական ազդեցություն ունենալ Հայաստանում իրականացվող կինոքաղաքականության զարգացման աշխատանքների բարելավմանը, կինոմասնագետների պրոֆեսիոնալ շահերի և իրավունքների պաշտպանությանը, կինոմթնոլորտի ձևավորման նպաստմանը՝ արդյունքում ունենալով ներկայանալի կինոարտադրություն:

Տեղեկացնենք, որ գիլդիաների նախագահների խորհրդի որոշմամբ ստեղծվել է նաև «Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակ», որը կշնորհվի յուրաքանչյուր տարի՝ հատուկ այդ նպատակով կազմակերպված մրցանակաբաշխության ընթացքում:

Հարություն Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում, ամենայն հավանականությամբ՝ գարնանը, Կինոյի տան մեծ դահլիճի բացման հանդիսավոր արարողության հետ միասին՝ տեղի կունենա նաև «Հայաստանի պրոֆեսիոնալ գիլդիաների մրցանակի» առաջին հանդիսավոր հանձնման արարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս