«Հասանովը կրկնում է Բաքվի սուլթանին. պետք է պատրաստվենք հարձակողական գործողությունների». Վովա Վարդանով

«Զաքիր Հասանովը պաշտպանության նախարարն է մերձկասպյան ռեգիոնի, իսկ Բաքվի սուլթանը մոտ 2 շաբաթ առաջ հայտարարություն էր արել Երևանի, Սևանի, Զանգեզուրի, Սյունիքի վերաբերյալ, այսինքն՝ Հասանովն իր շեֆի խոսքը, միտքը կրկնելու, զարգացնելու փորձ է անում։ Մենք ամենայն լրջությամբ պետք է վերաբերվենք նման հայտարարություններին, և համապատասխան վերաբերմունքի դեպքում սպառնալիք չի լինի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը՝ մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, որ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում կանգնած են իրար դիմաց, և չի բացառվում, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի:

Ըստ նրա՝ այս իրավիճակում հայկական զինված ուժերն իրենց ճիշտ են դրսևորում, ուժեղացվել է զգոնությունը։

Հետախույզի խոսքով՝ խնդիրն այն է, որ հասարակությունն ու քաղաքական վերնախավը պետք է փոխեն իրենց վերաբերմունքը մեր հարևան ռեգիոնի նկատմամբ.

«Ես նկատի ունեմ, որ մենք վերջապես պետք է հրաժարվենք պաշտպանական մարտերից, պաշտպանվելու դոկտրինայից, պատրաստվենք հարձակողական գործողությունների, և գլխավոր սպառնալիքը մեր ազգի՝ թուրքական զինված ուժերը, ոչնչացնելու համար նախապատրաստություններ տեսնենք, իսկ դա հնարավոր է միայն հարձակողական մարտերին պատրաստվելով, անձնակազմը համապատասխան վարժելով և հասարակությանը հարձակողական գործողություններին պատրաստելով»։

Վ.Վարդանովի կարծիքով, բանակցությունների հնարավորություն ամեն դեպքում միշտ կա, նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ անզիջում պայքար էր գնում հիտլերյան և հակաֆաշիստական բլոկների միջև, միևույն է, նրանք ինչ-որ ձևով շփումներ էին փնտրում Շվեյցարիայում, Իտալիայում, և դա նորմալ է։

Անդրադառնալով Հասանովի դիտարկմանը, որ Ղարաբաղի հակամարտության միջադեպերի քննությամբ զբաղվելու փոխարեն՝ միջազգային կառույցները, լավ կլիներ, զբաղվեին դրա առաջացման առանցքային պատճառները վերացնելու գործով, Վ.Վարդանովը նշեց, որ հայերը հաղթող են դուրս եկել հակամարտության առաջին փուլում, բայց պատերազմը դեռ չի վերջացել.

«Կայունացել է այն վիճակում, որ մենք ինչ-որ առումով ավելի շահեկան դիրքում ենք գտնվում։ Ամեն գնով այդ իրավիճակը փոխելու համար ցանկացած մեթոդ է հարմար, ոչ միայն ռազմական, այլև քաղաքական, օրինակ, եթե հիմա կարողանան մեզ խաբել, թեկուզ մեր մեջ հանճարեղ մարդկանց օգտագործելով, որ ասեն՝ վերադարձնենք հողերը, հետո կմտածենք՝ ինչ անել։ Ամեն մեթոդ էլ կարող է օգտագործել թուրքը, դա հասկանալի է։ Մենք էլ մեր հերթին՝ պետք է ամեն բան օգտագործենք, որ, հակառակը՝ ընդլայնենք մեր հնարավորությունները և մեծացնենք մեր հողատարածքները»։

Տեսանյութեր

Լրահոս