Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է իր եգիպտացի գործընկերոջ հետ. անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին

Փետրվարի 17-ին Մյունխենում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրիի հետ:

Արտգործնախարարները, գոհունակությամբ շեշտելով, որ հայ-եգիպտական կապերը հիմնված են երկու ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա՝ կարևորեցին հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման նպատակով հավելյալ քայլերի ձեռնարկումը։

Մտքեր փոխանակվեցին առևտրատնտեսական կապերի ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ, անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Հայաստանի և Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին միջազգային հարթակներում փոխգործակցության ընդլայնումը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եգիպտացի գործընկերոջը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ Երևանում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Էդվարդ Նալբանդյանի և Սամեհ Շուքրիի ուշադրության կենտրում էին միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրները:

Հայաստանի ԱԳ նախարարն իր պաշտոնակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս