Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման համաձայնագիրը նոր հնարավորություններ է ստեղծում. Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Տարո Կոնոին

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշել է, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվել է ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական է համարել, որ այս «ճապոնական շաբաթը» եզրափակվում է Հայաստանի և Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպումով։

Զրուցակիցներն ընդգծեցին, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանհինգ տարիների ընթացքում հայ-ճապոնական կապերը դինամիկ զարգացել են` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ։

Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն գոհունակությամբ արձանագրել են, որ Տոկիոյում և Երևանում դեսպանությունների հիմնումը նոր լիցք է հաղորդել տարբեր բնագավառներում հայ-ճապոնական համագործակցությանը։

Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերին։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը և Տարո Կոնոն ընգծել են երկկողմ հաճախակի շփումների ու փոխայցելությունների անհրաժեշտությունը։ Զրուցակիցները կարևորել են ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը։

Նախարարները համակարծիք էին, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում առևտրատնտեսական կապերի ընդլայնման համար։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք խնդիրներ:

Տարո Կոնոն Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Ճապոնիայի մոտեցումների մասին։

Նախարար Նալբանդյանը Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Տեսանյութեր

Լրահոս