«Շատ քիչ է մնացել, որ երեխաս լիարժեք քայլի». 8-ամյա Մարիամն օգնության կարիք ունի

«Աղջիկս 8 տարեկան է, ունի մանկական ուղեղային կաթված։ Մենք տարբեր թերապիաներ ենք արել, առաջին անգամ վիրահատվել է Մոսկվայում, դրանից հետո վերականգնողական կուրս անցել Գերմանիայում։ Մեզ օգնեց Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և բարերարներ։ Երկրորդ անգամ էլ է երեխան վիրահատվել, և նորից պետք է Գերմանիա տանենք։ Օրերս անձամբ նամակ եմ հանձնել Ռիտա Սարգսյանին և հույս ունեմ, որ երեխաս նորից վերականգնողական կուրս կանցնի Գերմանիայում»,-168.am -ի հետ զրույցում այս մասին ասաց 8-ամյա Մարիամ Պարոնյանի մայրը՝ Կարինե Ադյանը։

Նրա խոսքով՝ բուժման կուրսն արժե 34 հազար 5 հարյուր եվրո. «Մոտ 20 հազար եվրո հավաքվել է, 15 հազար եվրո է պակասում։ Բայց մեզ Գերմանիայից ասել են, որ վերականգնողական կուրսից բացի՝ հնարավոր է նաև վիրահատություն կատարեն։ Դա այնտեղ պետք է որոշեն, և զգուշացրել են՝ բուժման գումարից զատ մոտ 10 հազար եվրո էլ ունենալ, որ եթե պետք լինի, հենց տեղում վիրահատություն կատարեն։ Նախորդ անգամ էլ բոլոր կտրոնները բերել՝ հանձնել եմ մեզ օգնողներին, բոլոր բարերարները տեղյակ են եղել կատարված ծախսերի մասին»։

Կարինեն միայնակ մայր է, գտնվում է սոցիալապես անապահով վիճակում։ «Երբ մենք գնացինք Գերմանիա՝ մանկական ուղեղային կաթվածն իրենց մոտ հերքվեց, ասացին՝ ծննդաբերության ժամանակ ստացած տրավմա է, և տարբերությունն այն է, որ սա բուժվում է, իսկ մանկական ուղեղային կաթվածը երբեք լիարժեք չի բուժվում։ Հիմա, որ երեխայիս տեսնում եմ, համոզվում եմ, որ ճիշտ են։ Մենք անշարժ վիճակից հասել ենք նրան, որ երեխաս քայլում է, դպրոց է գնում։ Ուղղակի ոտնաթաթի հետ կապված խնդիր ունի, չի կարողանում ինքնուրույն աստիճան բարձրանալ-իջնել։ Այսինքն՝ շատ քիչ է մնացել, որ երեխաս լիարժեք քայլի»,-ասաց նա։

8-ամյա Մարիամին օգնելու համար Արարատ բանկում երեխայի մոր՝ Կարինե Ադյանի անունով բացվել է հաշվեհամար.

1510021229930149 EUR
1510021229930158 RUB
1510021229930100 AMD
Կարինե Ադյանի հետ կարող եք կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով՝ 099277088
098279088

Տեսանյութեր

Լրահոս