Բաժիններ՝

Պենդերեցկին հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ է. Քշիշտոֆ Պենդերեցկու գործերը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին այն աստիճան նշանավոր գործիչ է, որ նրա այցը այս կամ այն երկիր լուրջ իրադարձություն է տվյալ երկրի մշակութային կյանքում: Այս մասին Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնի շրջանակում իրականացվող չորրորդ համերգային ծրագրի մեկնարկից առաջ ասաց Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը:

Համերգը տեղի ունեցավ փետրվարի 16-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Այն իրենց ներկայությամբ պատվեցին Քշիշտոֆ Պենդերեցկին և նրա տիկինը` Էլժբիետա Պենդերեցկայան:

«Նա ունի հայկական արմատներ և, ընդունելով դա, հանդիսանում է հայ-լեհական բարեկամության խորհրդանիշ: Մեզ համար կարևոր է, որ մեծ կոմպոզիտորի ծննդյան հոբելյանական փառատոնը մեկնարկում է մեր երկրում»,- նշեց դեսպանը:

Գործիքային-կամերային երաժշտության երեկոյին Պենդերեցկու ստեղծագործությունները ներկայացրեցին ջութակահարներ Մարթա Կովալչեկը, Վոյցեխ Կոպրովսկին, Յարոսլավ Նադրզիցկին, դաշնակահար Սոմի Կիմը, «Մեկորե» լարային քառյակը, ալտահար Միխալ Բրիլան, թավջութակահար Կարոլ Մարիանովսկին:

Դաշնակահար Սոմի Կիմի խոսքով՝ ինքն առաջին անգամ 2015-ին է կատարել Պենդերեցկու ստեղծագործությունները: «Կարծում եմ՝ նրա երաժշտությունը զարմանալի է. որքան շատ ես կատարում նրա գործերն, այնքան նոր բան ես հայտնաբերում դրանցում»,-ասաց դաշնակահարը:

Ջութակահար Մարթա Կովալչեկը խոստովանեց, որ Պենդերեցկու երաժշտության մեծագույն երկրպագու է, գնահատում ու շատ է սիրում Պենդերեցկու ստեղծագործությունները: Ըստ Կովալչեկի՝ նա 21-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, և Պենդերեցկու գործերն իրեն հնարավորություն են տալիս էքստրեմալ ճանապարհներով արտահայտել իր հույզերը և դրանք փոխանցել երաժշտասերներին:

Փառատոնը մեկնարկել է փետրվարի 13-ին: Փակման համերգային ծրագիրը կանցկացվի փետրվարի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո։ Երաժշտի 85-ամյակին նվիրված հոբելյանական փառատոնը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728