Արմեն Սարգսյանը պաշտոնապես ՀՀ նախագահի թեկնածու կհամարվի ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու պահից
Արմեն Սարգսյանը պաշտոնապես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ Հայաստանի hանրապետական կուսակցությունը առաջադրի նրա թեկնածությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: «Նա պաշտոնապես Հանրապետության նախագահի թեկնածու կհամարվի այն պահից, երբ կուսակցությունը կառաջադրի նրա թեկնածությունը»,- ասաց Կոստանյանը:
Նա հավելեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ ՀՀԿ-ն պետք է առաջադրի նրա թեկնածությունը: «Կարծում եմ` փետրվարի 22-ին կառաջադրեն»,- եզրափակեց Կոստանյանը:
ՀՀԿ-ի կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը փետրվարի 16-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն ընդունել է նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկը: Մինչ այդ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել քաղաքական, հասարակական, գիտական, մշակութային շրջանակների հետ Հայաստանում, սփյուռքում և Արցախում: