«Դա որոգայթ է Արմեն Սարգսյանի համար». Նարինե Դիլբարյան

«Ե՛վ հասարակական, և՛ քաղաքական գործիչները փորձում են Արմեն Սարգսյանի գործունեության տիրույթը կանխորոշել հենց արտաքին քաղաքականության մեջ, գուցե ելնելով նրանից, որ նա դեսպան է և դիվանագիտության մեջ ավելի երկար է իր փորձառությունը ձեռք բերել։ Բայց ես կարծում եմ, որ դա ևս որոգայթ է Արմեն Սարգսյանի համար։ Նա չի կարող զբաղվել միայն արտաքին քաղաքականությամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց լեզվաբան Նարինե Դիլբարյանը։

Ըստ նրա՝ հասարակությունը դժգոհ է ներքին սոցիալ-տնտեսական իրավիճակից. «Եթե չունենանք առողջ հասարակություն, ապա Արցախի հարցի՝ մեր շահերից բխող հանգուցալուծումն անհնարին է։ Ուստի Արմեն Սարգսյանը պետք է գիտակցի, որ իր հանրային վստահություն կարող է շահել միայն ներքին քաղաքականության ոլորտում»։

Ասուլիսի մյուս բանախոս, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ ասաց, որ Արմեն Սարգսյանի գալով՝ իշխանական համակարգը բարետես է դառնում. «Արմեն Սարգսյանը բարեկիրթ մարդ է։ Արմեն Սարգսյանը կլինի Չորրորդ Հանրապետության նախագահը՝ այն լիազորություններով, որոնք տալիս է Սահմանադրությունը։ Բայց Հայաստանում կարող են լինել այլ լիազորություններ, օրինակ՝ հասարակության վստահության լիազորությունը։ Ամենակարևորը հանրային վստահության խնդիրն է։ Այս ներկայացման կանոնները պահանջում են, որ որոշ հարցերի նա պատասխանի դիվանագիտորեն»։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը համամիտ էր՝ եթե չլինի հանրային համաձայնություն ապագա նախագահի գործունեության վերաբերյալ, ապա ոչ մի անձ չի կարող հաջողված լինել.

«Եթե նա ներկայացնում է այնպիսի ծրագիր և փորձ է անում իրականացնել այնպիսի փոփոխություններ, որոնք հաճո են մեր հանրությանը, ապա ես կարծում եմ, որ հանրությունը միանշանակ կպաշտպանի։ Եվ այստեղ առաջանալու են որոշակի խանդի տեսարաններ։ Հիմա փորձ են անում ավելի կրճատել նախագահի լիազորությունները»։

Տեսանյութեր

Լրահոս