Դա ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է «Երևանը վերադարձնելու» Ալիևի հայտարարությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է փետրվարի 8-ին «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության համագումարի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, թե «Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, որպեսզի վերադարձնեն իրենց պատմական հողերը՝ Երևանը և, ընդհանրապես, Հայաստանը»:

Ամենշաբաթյա բրիֆինգում պատասխանելով հարցին՝ ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերոնշյալ հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է. «Ռուսաստանում տեսել են Ադրբեջանի նախագահի ելույթը՝ իշխող կուսակցության համագումարում: Հիանալի գիտենք, որ Ադրբեջանի հարաբերությունները հարևան Հայաստանի հետ խիստ լարված են և նման հայտարարություններն ակնհայտորեն չեն նպաստում լարվածության թուլացմանը»:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն ավելի վաղ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը՝ ենթադրել էր, որ նա այդպիսով սկսել է իր «նախընտրական» քարոզարշավը: «Ադրբեջանի գերագույն «ճնշողը» սկսել է նախընտրական քարոզարշավը»: Եվ գնաց… Ի դեպ, հենց նա էր ասել, որ Ադրբեջանում պաշպանված են բոլոր հիմնարար ազատությունները»,- նշել էր Բալայանը:

Տեսանյութեր

Լրահոս