«Կա պատժամիջոցների ներքին գաղտնի լծակ, երբ խփելու են հայ օլիգարխների և իշխանավորների՝ Արևմուտքում պահվող բիզնեսներին և փողերին». Անուշ Սեդրակյան
«Դա անձամբ Հայաստանին ուղղված ծանուցում չէ, այլ ընդհանուր ռուսական զենքի հանդեպ կիրառվող սանկցիաներ են, որի մասին, ի դեպ, ՀՀ իշխանություններին մենք նախօրոք էինք զգուշացնում, որ այս ճանապարհը չաշխատող ճանապարհ է։ Ռուսական սանկցիաները, վաղ թե ուշ, խփելու են Հայաստանի ամենացավոտ կետերին։ Եվ դա բոլորովին նորություն չէ։ Եվ ասել, որ թիրախավորվում է Հայաստանը, սխալ կլինի։ Ուղղակի ժամանակին պետք էր անել ճիշտ ընտրություն և ճիշտ կողմնորոշում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Անուշ Սեդրակյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ ծանուցումը ՀՀ կառավարությանը՝ ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների հետ «էական գործարքների» կնքման պարագայում հնարավոր պատժամիջոցների թիրախում հայտնվելու վտանգի մասին։
Ըստ նրա՝ այդ պատժամիջոցները կարող են արտահայտվել տարբեր ձևերով։ Թեև Հայաստանը չունի այնպիսի արտադրություն, որ խփեն ուղիղ այդ արտադրության լծակներին, սակայն, Ա.Սեդրակյանի կարծիքով, կա պատժամիջոցների ներքին գաղտնի լծակ, երբ խփելու են հայ օլիգարխների և իշխանավորների՝ Արևմուտքում պահվող բիզնեսներին և փողերին։
«Չնայած Ռուսաստանի մասշտաբների համեմատ՝ մեր օլիգարխների մոտ շատ փոքր մասշտաբներ են, բայց, այնուամենայնիվ, լրիվ գործարկվող մասշտաբներ են, և լրիվ կարող են այդ լծակներն աշխատել»,- նկատեց քաղաքագետը։
Նա նշեց, որ հայ օլիգարխներին այս հարվածը չի կարող աշխատել՝ ի շահ ՀՀ հասարակության, քանի որ մեր օլիգարխները սովորություն ունեն իրենց բիզնես վնասները քամել ժողովրդի հաշվին.
«Ես չեմ կարծում, որ դա քաղաքացու անմիջական շահերից է բխում։ Դա քաղաքացու անմիջական շահերին կառնչվի միայն այն ժամանակ, երբ մեր շարքային քաղաքացին հասկանա, որ գլոբալ քաղաքական որոշումներն ընդունում է ինքը՝ հանրությունը, որ իրենք իրավունք չունեն անմասն և ձեռնպահ լինել և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականությունից, իսկ մեր իշխանությունները վերջապես կհասկանան, որ ռուսական ճանապարհը, որ իրենք ընտրել են և որին հետևում են, կործանարար է, նախ և առաջ, հենց իրենց համար»։
Թե ինչպե՞ս կարձագանքեն այդ ծանուցմանը ՀՀ իշխանություններն ու օլիգարխները, Ա.Սեդրակյանը նշեց, որ նրանք շատ լավ մասնագիտացել են իրենց սեփականությունը պաշտպանելու հարցում. «Հաշվի առնելով, որ Ռուսաստանի վիճակը հետզհետե վատանում է, նրանք կփնտրեն համագործակցության և սանկցիաներից խուսափելու տարբեր միջոցներ, և դրանցից մեկը հաստատ կլինի Արևմուտքի հետ կապերի սերտացումը, որը ես, իբրև արևմտամետ, ողջունում եմ»։