Բաժիններ՝

«Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար է».Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի խնդիրներին: «Սոցիալական պաշտպանության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդարության ապահովման գործընթացում կարևոր դերակատարություն ունեն բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովները: Չնայած նախկինում ձեռնարկված միջոցներին, ներկայումս գործող կարգավորումները և նշված հանձնաժողովների արդյունավետությունն անբավարար են»,- ասաց վարչապետը:
Ըստ նրա` հանձնաժողովների գործունեության մեջ սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը նվազագույնի հասցված չէ, հաշմանդամության կարգի տրամադրումը պարզ ու կանխատեսելի չէ, լիարժեք չի հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման և մոնիթորինգային համակարգը:

Կ.Կարապետյանը հանձնարարեց մեկամսյա ժամկետում աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության նախարարներին համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի` որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ` հստակ անդրադարձ կատարելով փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի և բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայման, ոլորտային պատասխանատվության շրջանակի հստակեցման, բժշկական և կենսագործունեության փորձաքննությունների տարանջատման, ինչպես նաև գործընթացի թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս