Լևոն Ալթունյանը հետևել է Արտաշատի և Սևանի ԲԿ-ներում ընթացող շինարարական աշխատանքներին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հետևել է Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման և Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարար Ալթունյանը հանձնարարականներ է տվել այս հիվանդանոցների շահագործման հանձնելը ժամանակին ապահովելու ուղղությամբ։
Արտաշատի բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասնաշենքի արդիականացման աշխատանքները մեկնարկել են 2016թ. հունիսին։
Մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված է 2018թ. աշնանն ավարտին հասցնել շուրջ 7000ք/մ տարածքի հիմնանորոգման, ժամանակակից սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով հագեցման աշխատանքները։
2017թվականին շինարարական աշխատանքները շարունակվել և նախատեսված ծավալներով իրականացվել են։
Նույն ծրագրի շրջանակում Գեղարքունիքի մարզում 2016թ. Օգոստոսին մեկնարկել է Սևանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցումը։ Այստեղ ևս անցած տարվա համար նախատեսված աշխատանքները 100%-ով իրականացվել են։ Սևանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման ավարտը ևս նախատեսված 2018թ. աշնանը։