«Հայկական վերածնունդ»-ը որոշել է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը
«Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում կայացրել է «Օրինաց երկիր» կուսակցությանը միավորվելու որոշում։ Այս մասին տեղեկացրին «Հայկական վերածնունդ» կուսակցության մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. ««Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները.
1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ
• ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից առաջ մի շարք կուսակցություններ դադարեցրին իրենց անդամակցությունը,
• նախկինում լուծարված և «Հայկական վերածնունդ» կուսակցությանն անդամակցած կուսակցություններ դիմել են «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին` վերակազմակերպման միջոցով առանձնանալու հարցով,
• միաժամանակ, ինչպես այդ մասին բազմիցս ընդգծվել է նաև զանգվածային լրատվության միջոցներով, «Հայկական վերածնունդ» կուսակցության կազմակերպչական և ռեսուրսային հիմք էր հանդիսանում «Օրինաց երկիր» կուսակցությունը։
ՀՎԿ արտահերթ համագումարը որոշել է բավարարել դիմած և նախկինում լուծարված կուսակցությունների դիմումը, եթե այն նախատեսված է ՀՀ գործող օրենսդրությամբ` հնարավորություն տալով միաձուլման միջոցով «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միացած քաղաքական ուժերին` առանձնացման միջոցով վերակազմակերպվել:
Ելնելով վերոգրյալից՝ տեղեկացնում ենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը պատրաստ է միավորված կուսակցություններին առանձնացման նպատակով վերակազմակերպվելու ցանկություն հայտնող կուսակցություններին տրամադրել օրենքով սահմանված փաստաթղթերը:
Նշված գործընթացն ավարտելուց հետո «Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը»: