«Այսօր արդեն շատ լուրջ փոփոխություններ կան». Արմեն Ռուստամյան
Խորհրդարանական համակարգի անցման նպատակը գերկենտրոնացված, միահեծան իշխանության վերացումն էր, և այսօր արդեն շատ լուրջ փոփոխություններ կան: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նա կարևորեց դատական իշխանության տարանջատումը. «Պետք է ձևավորվի Բարձրագույն դատական խորհուրդ, որ ամբողջությամբ տնօրինելու է դատական իշխանությունը: Նախորդ Սահմանադրությամբ նախագահը նշանակում և ազատում էր 200-ից ավելի դատավորների: Այժմ վարչապետն այդ լիազորությունը չունի»:
Ըստ նրա` հիմնական հարցը կառավարության գործունեության կարգին է վերաբերում. «Պետք է այնպես անել, որ կառավարություն-վարչապետ-նախարար գործառույթները հստակ տարանջատվեն, այնպիսի վիճակ չառաջանա, որ վարչապետը փոխարինի կառավարությանը»:
«Ես համաձայն եմ, որ կա իներցիոն մտածելակերպ, համակարգի փոփոխության նրբություններին հասարակությունը լավ ծանոթ չէ: Եվ իրենց թվում է, որ ոչինչ չի փոխվել, պահպանվել է նույն կառավարման ոճը, սոցիալական քաղաքականությունը: Այդ տպավորությունը մենք պետք է կարողանանք ցրել: Սահմանադրությունը պահանջում է նոր կառավարման ոճ»,- հավելեց Ա.Ռուստամյանը: