Բաժիններ՝

Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահը բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում բացեցին «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը, որը հիմնադրվել է 2017 թվականի դեկտեմբերի 20-ի կառավարության որոշմամբ՝ ՀՊՄՀ Շախմատի հետազոտական կենտրոնի եւ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի հիման վրա: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նրանք ծանոթացել են ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում:

Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

«Որպես Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ուրախ եմ և շնորհակալ, որ դուք հատուկ ուշադրություն եք դարձնում շախմատին և միշտ հանդես եք գալիս նոր նախաձեռնություններով: Եվ պատահական չէ, որ այսօր մեզ հետ է մեր բարեկամ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, բոլորովին պատահական չէ, որ մեր փորձը հետաքրքրություն է ներկայացնում այլ երկրների համար, իսկ սա առնվազն նշանակում է, որ մենք ճիշտ ճանապարհ ենք բռնել: Ուզում եմ հավատալ, որ սա լինելու է շարունակական»,- «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտ այցի կապակցությամբ ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս