«Մի փոքր լուսավոր կետ մեզ համար վարչապետն էր, բայց հասկացանք, որ սուտ էր, ոչ մի լուսավոր կետ էլ չկար»

ՀՀ ՆԳՆ իրավասության տակ գտնվող «Կոնտինենտտեքս» կարի ֆաբրիկայի աշխատակիցները, արդեն հինգերորդ տարին է`պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը: Նրանք դիմել են տարբեր ատյանների՝ մոտ մեկ տարվա աշխատավարձի պարտքը ստանալու համար, բայց որևէ արձագանք չի եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ֆաբրիկայի նախկին պահեստապետ Գոհար Թամամյանն ասաց, որ 20 տարուց ավելի ՆԳՆ-ի համար համազգեստներ են կարել, իսկ այսօր ոչ ոք չի ցանկանում օգնել իրենց.

«Գրել ենք վարչապետին, ոչ մի ձայն, թակել ենք տարբեր պաշտոնյաների դռներ, ոչ ոք մեր հարցին լուծում չի տալիս, չգիտենք՝ ինչ անենք, ում դիմենք։ Մի փոքր լուսավոր կետ մեզ համար՝ վարչապետն էր, բայց հասկացանք, որ սուտ էր, ոչ մի լուսավոր կետ էլ չկար։ Գիտեք՝ քանի անգամ ենք գրել իրեն, ոչ ոք մեզ չի օգնել»։

Գոհար Թամամյանը նշեց, որ նախկինում ընկերությունը միշտ ժամանակին է վճարել աշխատավարձերը.  «Բայց երբ նախարարը փոխվեց, քավոր-սանիկ խառնեցին, բերեցին մի ապիկարի նշանակեցին տնօրեն, որը քանդեց հիմնարկը: Այսինքն՝ երբ տնօրենի պաշտոնում Աշոտ Ավետիսյանին փոխարինեց Սամվել Բեկչյանը, ընկերությունը սնանկացավ, ապա՝ լուծարվեց»:

Մեր հարցին՝ այդ մեկ տարվա ընթացքում ի՞նչ պատճառաբանությամբ չէին վճարում աշխատավարձերը, և, եթե չէին վճարվում, ինչո՞ւ էին շարունակում աշխատել, Գոհար Թամամյանը պատասխանեց. «Ասում էին՝ կլինի: Ոչ ոք չի ասել՝ մի աշխատի, ես քեզ ի վիճակի չեմ աշխատավարձ տալ: Ասում էին՝ լավ է լինելու: Հիմա մարդ ամաչում էլ է. մուրացկանի պես՝ ընկած ենք սրա-նրա դռները: Մենք աշխատել ենք էդ փողը, քրտնել ենք դրա համար, մարդ եղեք, խիղճ ունեցեք, հասկացեք՝ աշխատել ենք, բարի եղեք՝ վճարել»:

Ընկերության աշխատակիցներն ասացին, որ յուրաքանչյուրին 700-800 հազար դրամ են պարտք. «Մոտ 33 մլն դրամ է ընդհանուր պարտքը, աշխատակիցներն էլ մոտ 140 հոգի էին։ Գիտեք՝ ինչ լավ հիմնարկ էր, հետո այդ ապիկար Սամվել Բեկչյանին բերեցին, որը փախուստի մեջ է, ոչ ոք չի կարողանում բռնել նրան։ Մեզ բոլորը խաբում են։ Մի քանի հոգով հավաքվեցինք, փաստաբան վարձեցինք, տվեցինք դատարան, այնտեղ էլ մեզ խաբեցին։ Դատավորը վճիռ էր կայացրել՝ գույքը վաճառել, մեր գումարները վերադարձնել, բայց այնտեղ գույք չկար վաճառելու։ Այնտեղ միայն տնօրենի մեքենան էր նորմալ, բայց չգիտենք՝ ինչ արեցին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս