«Եթե Արմեն Սարգսյանը լինի որպես նախագահի թեկնածու, լինելու է Հանրապետականի նախագահի թեկնածու». Նիկոլ Փաշինյան
Եթե Արմեն Սարգսյանը լինի որպես նախագահի թեկնածու, լինելու է Հանրապետականի նախագահի թեկնածու, և այդպիսով` իշխանության թիմի մեջ` Սահմանադրության նոր գործառույթներով, որի վրա պարտավորություն կա՝ լինել չեզոք և անաչառ: Այս մասին այսօր ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա` եթե Ա.Սարգսյանը համաձայնում է լինել նախագահի թեկնածու, նշանակում է՝ լինելու է այդ դիրքում:
Անդրադառնալով Ա.Սարգսյանի քաղաքացիության խնդրին` Ն.Փաշինյանը նշեց, որ դա ստուգելի հարց է` նա ունի՞ քաղաքացիության ցենզ, թե՞ ոչ. «Եթե նա առաջադրվում է նախագահի թեկնածու, պետք է հոգ տանի, որ ոչ միայն բանավոր խոսքի վրա հիմնված լինի, այլև գրավոր»:
Ն.Փաշինյանը նշեց, որ այժմ Սահմանադրությամբ նախագահի լիազորությունները բավականին սահմանափակված են, և կարծում է, որ Ա.Սարգսյանը գիտի այդ մասին, Սահմանադրության տեքստն էլ հրապարակված է: