Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա. Աֆրինում բնակվող վերջին հայը դիմել է Թուրքիային
Քրդական Mezopotamyaajansi.com լրատվական գործակալությունն անդրադարձ է կատարել սիրիական Աֆրինում բնակվող վերջին հային` մասնագիտությամբ երկաթագործ Հարութ Գևորգին: 61-ամյա Հարութ Գևորգը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Էզազ, Հալեպ ապա Աֆրին տեղափոխված Այնթափցի հայերի հետնորդներից է:
«Մենք 1915 թվականին Թուրքիայից աքսորվել ենք այստեղ: Ցեղասպանության ժամանակ եկել ենք Էզազ, ապա՝ Հալեպ, դրանից հետո` Աֆրին: Այստեղ ինձնից բացի բազմաթիվ հայ ընտանիքներ կային, բայց հիմա մենակ ես եմ մնացել: Այդ հայերի մի մասը պատերազմի պատճառով արտագաղթել են, մեծ մասն էլ զոհվել: Թուրքիան, ինչպես ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա սպանում է կանանց և երեխաներին: Արդեն 100 տարի է՝ Թուրքիան շարունակում է իր հարձակումները»,- գործակալության հետ զրույցում նշել է Հարութ Գևորգը:
Աֆրինում մնացած վերջին հայը նշել է, որ Աֆրինը Սիրիայի այն եզակի շրջաններից է, որ պատերազմ չէր տեսել: Նա Թուրքիայից պահանջել է դադարեցնել սկսած արյունահեղությունը, այնուհետև մայրենի լեզվով դիմել միջազգային հանրությանը:
«Բավական է, արյուն մի թափեք, մի հարձակվեք մարդկանց վրա, Սիրիայում պատերազմ չտեսած միակ վայրն էր, ինչո՞ւ եք փորձում մարդկանց համար ապաստարան դարձած այս քաղաքը ոչնչացնել: Մենք Թուրքիայում մեր հայրենի տներից արտաքսվեցինք և այստեղ եկանք: Հիմա փորձում են մեզ այստեղից էլ հանել: Մենք պահանջում ենք, որ այս հարձակումներն ու պատերազմը դադարեցվեն: Թող բոլորը լսեն մեր ձայնը, մեր կոչն ուղղված է բոլոր ժողովուրդներին»,-խոսքը եզրափակել է Հարութ Գևորգը:
Թուրք-սիրիական սահմանին գտնվող Աֆրին շրջանը արդեն 19 օր է գտնվում է Թուրքական զորքի հարձակումների տակ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն են սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել է քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը՝ սկսելով ցամաքային գործողությունները: Թուրքիայի գործողություններին աջակցում է նաև Սիրիայի ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակը»: Ահաբեկչական տարրերի դեմ պայքարելու հիմնավորմամբ թուրքական զինուժն իրականում գործողություններն ուղղում է քրդերի, այդ թվում և խաղաղ բնակչության դեմ:
Անգլիայում գործող Մարդու իրավունքների հետազոտման սիրիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների հետևանքով մահացել է քաղաքացիական 68 անձ, այդ թվում և 21 երեխա:
Պաշտոնական Դամասկոսը դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ Աֆրինը Սիրիայի անբաժան մասն է: