
ՀՀ կառավարությունը Ռուբեն Նալբանդյանի հեղինակած խաչքարը կնվիրաբերի Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին

ՀՀ կառավարությունը նախատեսում է ՀՀ սեփականությունը հանդիսացող քանդակագործ Ռուբեն Նալբանդյանի հեղինակած 1 մլն 617 հազար դրամ արժողությամբ «Սուրբ երրորդություն» խաչքարը նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին՝ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում տեղադրելու և ցուցադրելու նպատակով: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 8-ի նիստի օրակարգում:
Որոշման ընդունումը պայմանավորված է Հայ-ռուսական մշակութային համագործակցության, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության 2016-2018 թվականների համագործակցության մասին» ծրագրի շրջանակներում ՌԴ-ում անցկացված «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր» մշակութային ծրագրի ժամանակ Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի տարածքում բացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսին Ռուբեն Նալբանդյանի հեղինակած վերոնշյալ խաչքարը ներկայացնելու նպատակով: