Բաժիններ՝

«Պատգամավորների 80 տոկոսը տարել է այդ անհայտ ծագման և սարսափելի տարածում գտած հիվանդությունը». Տիգրան Ուրիխանյան

«Կառավարության հարգարժան գործընկերներ, ձեր կազմում եղե՞լ են մարդիկ, որոնք Նոր տարուց և Սուրբ Ծնունդից հետո չեն վարակվել կամ չեն հիվանդացել որևէ ադենովիրուսային կամ ռենովիրուսային վարակով։ Ի հավելումն հարցադրմանը՝ պարզաբանում մտցնեմ, որ, օրինակ՝ պատգամավորյաց բազմության եթե ոչ՝ 90, ապա՝ 80 տոկոսն առնվազն տարավ այդ անհայտ ծագումնաբանությունն ունեցող և սարսափելի տարածում գտած հիվանդությունը։ Մեր ազգաբնակչության լայն հատվածներ տարան այդ հիվանդությունը։ Եթե չեմ սխալվում, մինչև հունվարի կեսը շուրջ 700 մանկահասակ երեխա հոսպիտալացվել է, որոնց 90 տոկոսը՝ մինչև 4 տարեկան»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։ Առողջապահության նախարարից նա հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։

Ի պատասխան՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ ինքն ու իր գործընկերներն այս սեզոնին չեն հիվանդացել. «Կառավարության հատկացրած գումարներից և ԱՆ բյուջեից հատկացված գումարներով ձեռք է բերվել մոտ 30-40 հազար դոզա պատվաստանյութ, որը բաշխվել է համապատասխան սոցիալական խմբերի միջև՝ մինչև 5 տարեկան երեխաներ, տարեց մարդիկ, բուժաշխատողներ, ուժային կառույցներ և բանակ։ Ինչ-որ բաժին էլ հատկացվել է դեղատներին, որտեղից կարելի է կամավոր կերպով ձեռք բերել պատվաստանյութերը և պատվաստվել բավականին մատչելի գներով։ Բացի այդ, երբ պարզ դարձավ, որ իրավիճակը կարող է դուրս գալ կառավարումից՝ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի կողմից և ԿԳՆ-ի կողմից հայտարարվեց ֆիլտր, որ, եթե դասարանում ինչ-որ մի քանակի երեխաներ հիվանդացել են, այդ դասարանում հայտարարվում էր կարանտին։ Այսինքն՝ առանց դպրոցների համընդհանուր փակման՝ մենք ունեցանք հիվանդությունները նվազեցնելու ինչ-որ գործիք։ Նույնը կատարվել է նաև իրազեկման առումով»։

Տիգրան Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Կարո՞ղ է՝ կառավարության ներկայացուցիչները մի քիչ քիչ են շփվում լայն զանգվածների հետ, ծառայողականներով են երթևեկում, չեն լինում հանրային վայրերում, վարակից հեռու են մնում։ Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ կանխարգելելն ավելի արդյունավետ է, քան բուժելը»։

Առողջապահության նախարարն էլ նշեց, որ պատվաստանյութերի դոզաները բավական քանակով էին, որ պատվաստվեին երեխաներն ու տարեցները. «Հանրության իրազեկման գործառույթը երևի ավելի արդիականացնենք, որովհետև բնակչության միայն 30-35 տոկոսն է գալիս կամավոր պատվաստվելու։ Պատվաստվելն այսօրվա առողջապահության և բժշկության ապագան է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս