«Այսօր Հայաստանում ընդդիմություն չկա». Արմեն Մարտիրոսյան
«Մենք մոտենում ենք այնպիսի մի իրավիճակի, որ երբեմն հույսեր են սկսում կապել Սերժ Սարգսյանի առողջական վիճակի հետ, որովհետև ԽՍՀՄ մակարդակին ենք հասնում։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի առողջության հետ կարող է մի բան լինել, դա է փոփոխության ակնկալիքը դառնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
Իսկ ֆորմալ առումով նա փոփոխության մի տարբերակ է տեսնում. «Դա գալիք ապրիլի 9-17-ն է, երբ Սերժ Սարգսյանը որևէ պաշտոն չի ունենալու։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն իրեն ապահովագրել է այդ հարցում, բայց դա մի պատուհանն է, որ հնարավոր է ինչ-որ բան։ Ավտորիտարիզմի ուժեղացումը Հայաստանի ճգնաժամն ավելի է խորացնելու․ Հայաստանի կառավարման համակարգը մտել է մի ճգնաժամի մեջ, որը հիմնականում ոչ թե խնդիրներ է լուծում, այլ կարծես թե այդ ճգնաժամերն ավելի հետաձգում է։ Համակարգը ճգնաժամի մեջ է, և հարցերը երբեք չեն լուծվում, հետաձգվում են, ամեն անգամ ճգնաժամի մեջ հայտնվելիս՝ Սարգսյանը փորձում է իր իշխանությունն ավելի ուժեղացնել՝ կարծելով, թե եթե ավելի ուժեղ իշխանություն ունենա, ավելի քիչ խնդիրներ կլինեն, բայց խնդիրներն ավելի են շատանում, որովհետև փորձ է կատարվում հետաձգել այդ խնդիրները։ Սերժ Սարգսյանը հիմնականում այդ ոճով է աշխատում»։
Դիտարկմանը՝ դա նրա մոտ ստացվում է, վերահսկում և պահպանում է իր իշխանությունը, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Խորհրդային Միությունում էլ է ստացվել, բայց վերջում այդ համակարգն ամբողջովին փլուզվեց։ Այս ավտորիտարիզմը ճգնաժամ է բերելու, ոչ թե՝ իշխանության ուժեղացում»։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակների համար պարարտ հող է ստեղծվել. «Թե ինչ պետք է արվի երկրում, հասկանալի է․ բարեփոխումներ, նոր Սահմանադրություն, և այլն։ Թե ինչպես պետք է արվի, դա էլ գիտենք. ընդդիմադիր ուժերը պետք է համախմբվեն, քաղաքացիներին ակտիվացնեն, նրանց համակարգելով՝ պետք է փորձեն քաղաքացիական խաղաղ ընդվզման ճանապարհով իշխանափոխություն իրականացնել։ Իսկ թե ինչպե՞ս բոլոր ընդդիմադիրներին միավորել և քաղաքացիներին ակտիվացնել, այդ հարցի պատասխանն այս պահին չունեմ։ Հիմա և՛ քաղաքացիների ակտիվությունն է պետք, և՛ ընդդիմության միասնությունը»։
Ըստ Մարտիրոսյանի՝ այսօր Հայաստանում ընդդիմություն չկա. «Ընդդիմություն լինելով՝ ասում եմ, որ այսօր Հայաստանում, խոշոր հաշով, ընդդիմություն չկա, որն ազդեցություն ունի, լծակներ ունի։ Այսօր իշխող կուսակցությունն էլ օրակարգ չի թելադրում, միայն Սերժ Սարգսյանն է օրակարգ թելադրում»։