
«ՀՀԿ-ն «պրիմիտիվ տրյուկով» կփորձի տապալել արտահերթ նիստը». Նաիրա Զոհրաբյան

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրեթե համոզված է, որ փետրվարի 16-ին ՀՀԿ-ն կփորձի տապալել արտահերթ նիստը: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այդ «պրիմիտիվ տրյուկը» և նիստից փախնելը կվկայի մի բան` նրանք լուրջ հակափաստարկներ չունեն:
«Քանի որ իրենց երևակայությունն առանձնապես շռայլ չէ, ես կարծում եմ, կարող եմ ենթադրել, որ իրենք կդիմեն այդ հնարքին, ինչը քանիցս այս տարիների ընթացքում օգտագործել են»,- ասաց նա:
Ն.Զոհրաբյանի խոսքով` այդ դեպքում «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները համատեղ գործողությունների մշակված ծրագիր չունեն, բայց «Ծառուկյան» խմբակցությունը կշարունակի իր օրենսդրական նախաձեռնություններով «խեղդել» կառավարությանը, որպեսզի իրենց իսկ գրած տնտեսական աճի արդյունքն անդրադառնա մարդկանց վրա` աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրանան, գործազրկությունն ու աղքատությունը նվազեն:
«Այլապես 6 և ավելի տոկոս տնտեսական աճը գրվել է շատ հարգարժան Ստեփան Մնացականյանի կաբինետում, թղթի վրա: Ի՞նչ թղթի վրա` չեմ կարող ասել»,- ասաց Ն.Զոհրաբյանը` վստահեցնելով, որ փողոցային պայքարի դեպքում իրենք խոշոր մասշտաբի ակցիաներ կարող են կազմակերպել, սակայն փետրվարի 5-ի «Ելքի» հանրահավաքը ցույց տվեց, որ եկամտահարկի բարձրացման պատճառով ավելի նվազ աշխատավարձ ստացած քաղաքացիների համար դա ազդակ չի դարձել փողոց դուրս գալու համար: