Բաժիններ՝

ՀՀ զինված ուժերում հանցագործությունների դեպքերը կրճատվել են 11.1 տոկոսով

ՀՀ զինվորական դատախազությունում ամփոփվել են 2017թ. ընթացքում ՀՀ զինված ուժերում իրավախախտումների, հանցագործությունների ընդհանուր վիճակը, քննարկվել դրանց նպաստող պայմաններն ու պատճառները, զինված ուժերում հանցավորության դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության արդյունքները: Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության, կայազորների զինվորական դատախազները, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության և ռազմական ոստիկանության պատասխանատուները:

ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը զեկուցել է արձանագրված հանցագործությունների դեպքերով կատարված քննությունների պատկերը, անդրադարձել հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը, մեղադրանքի պաշտպանության ոլորտում առկա խնդիրներին:

Մասնավորապես նշվել է, որ 2017թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 1207 հանցագործության դեպք, որը փաստացի 11.1%-տոկոսով քիչ է 2016թ. դեպքերից: Դրանցից 768-ը կամ 63,6%-ը եղել են զինվորական ծառայության դեմ ուղղված, 439-ը կամ 36,4%-ը` այլ բնույթի հանցագործություններ:

Արձանագրված 1207 հանցագործության դեպքերից ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները եղել են 191-ը կամ 15.8%-ը, որոնցից 111-ը` ծանր, 80-ը` առանձնապես ծանր: Նախորդ տարվա համեմատ ծանր հանցագործությունները նվազել են 6 դեպքով կամ 5.1%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 286-ով կամ 78.1%-ով:

Այս տվյալները, սակայն, համադրելի չեն 2016թ. հետ, քանի որ նախորդ տարվա նվանատիպ դեպքերը մեծամասամբ պայմանավորված են եղել ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին և դրան հաջորդող ժամանակահատվածում հակառակորդի կողմից կատարված հանցագործություններով:

Ինչևէ, 2017թ. արձանագրված 80 առանձնապես ծանր հանցագործության դեպքերից 21-ը եղել է հակառակորդի կողմից կատարված սպանություն, 3-ը` զինծառայողների կողմից կատարված սպանություն, 53-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձ, 1-ը՝ զենք-զինամթերքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն:

Ըստ Վահե Հարությունյանի՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ շարունակում են առավել տարածված մնալ զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները:

ՀՀ զինվորական դատախազը հավելել է, որ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների պահանջով հնարավորինս վեր են հանվել նշված բնույթի հանցագործություններ ծնող պատճառներն ու դրանց կատարմանը նպաստող պայմանները, ձեռնարկվել են դատախազական ներգործության միջոցներ:

Զինված ուժերում հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 97.8 % է՝ 2016թ.-ի 98.2%-ի դիմաց: Շուրջ 38,1%-ով պակասել են կրկնահանցագործությունների դեպքերը: Այս իրողությունը բացատրվում է զորամասերի հրամանատարության, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից հանցագործություններ կատարած զինծառայողներին հսկողության տակ վերցված լինելու, նրանց հետ բացատրական աշխատանքներ տանելու հանգամանքներով:

Զգալիորեն ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման դեպքերը: 2017թ. արձանագրվել է նմանատիպ 116 դեպք, 59-ով կամ գրեթե 100%-ով ավելի 2016թ. արդյունքներից: 36 քրեական գործ 72 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Խորհրդակցության ընթացքում նշվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ամրապնդվող հանրային անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների իրականացմամբ։ Ընդգծվել է ԶՈւ-երում կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով տարբեր ստորաբաժանումներում նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու խնդիրը: Անհրաժեշտ է համարվել ապահովել նյութական միջոցների սահմանված կարգերին համապատասխան հաշվառումը՝ զերծ մնալով ձևական փաստաթղթավորման արատավոր դրսևորումներից:

Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ ՀՀ ԶՈւ-ում արձանագրված հանցագործությունների վերաբերյալ նյութերի նախապատրաստման և քրեական գործերի նախաքննության ընթացքում հիմնական դժվարությունները կապված են եղել տեղի ունեցած դեպքերի փաստական հանգամանքների խորքային և իրական պատճառների վերհանման, պարզաբանման և ապացույցների ձեռքբերման հետ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած ԶՈՒ-երում ծանր և առանձնապես ծանր հանցագործության, դեպքերի նվազմանը, որևէ ցուցանիշ չի կարող գոհացուցիչ համարվել, եթե բանակում շարունակվում են մարդկային կորուստներ, առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքեր, ինքնասպանություններ արձանագրվել: Դրանք նվազագույնի հասցնելը,ինչպես նաև այդ դեպքերի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովումը իրավապահ մարմինների աներկբա առաջնահերթությունն է: Այս ուղղությամբ առաջնային խնդիր է նաև կանխարգելմանն ուղղված համալիր գործողությունների իրականացումը՝ օպերտաիվ աշխատանքի ակտիվացումը, զորամասերի հրամանատարներին, որպես հետաքննության մարմիններ, այդ գործընթացներում լիարժեք ներգրավվումը:

ՀՀ գլխավոր դատախազը մտահոգիչ է համարել դատարաններում տևական ժամանակ գործերի քննությունը, որն անթույլատրելի է նախ որովհետև պատժի նպատակների իրագործումը դարձնում է վիճարկելի, բացի դրանից, կարող է հանրության մեջ ձևավորել հանիրավի անվստահություն մեղավորների՝ պատժի անխուսափելիության վերաբերյալ: Արթուր Դավթյանը հանձնարարել է գործադրել դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ դատաքննությունների հնարավորինս արագ ընթացնք ապահովելու ուղղությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը և քրեական հետապնդման մյուս մարմիններին՝ բանակում հանցավորության դեմ հետևողական պայքարի համար՝ շեշտելով, որ դա զինվածմ ուժերի նկատմամբ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից ունի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ: Պաշտպանության նախարարըչափազանց կարևորել է զինված ուժերում ցանկացած հանցագործության, բայց հատկապես մահվան ելքերով դեպքերի հետաքննության ու նախաքննության որակի ապահովումը, այս ուղղությամբ դատախազական հսկողական լիազորությունների գործադրումը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է քննարկված խնդիրների լուծմանն ուղղված այլ հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս